Հուլիսի 3-ին Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդը հրաժարվեց գահից` հօգուտ 53-ամյա որդու` Ֆիլիպի: Բելգիայի պատմության մեջ դա առաջին հրաժարականն էր, որ բացատրվեց տարիքի ու առողջության խնդիրներով, որոնք թույլ չեն տալիս արդյունավետ կատարել միապետի պարտականությունները: Հուլիսի 21-ին Ալբերտ Երկրորդը հրաժեշտի ուղերձով դիմեց բելգիացիներին` շնորհակալություն հայտնելու իր գահակալության 20 տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Հեռացող միապետը խնդրել է հպատակներին պահպանել երկրի միասնականությունը և զարգացնել համաեվրոպական արժեքները: Հոր ուղերձից հետո սահմանադրական երդում է տվել Բելգիայի նոր գահակալը` Ֆիլիպը. «Երդվում եմ հետևել Սահմանադրությանը, բելգիացի ժողովրդի օրենքներին, պահպանել ազգային անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»: Նա ստանձնել է երկրի ղեկավարությունն ու բանակի գլխավոր հրամանատարությունը: Արարողությանը ներկա են եղել թագավորական ընտանիքի անդամները, ԵՄ կառույցների ղեկավարները, բազմաթիվ հյուրեր: Բելգիայի յոթերորդ միապետը իր ֆրանսերեն ու հոլանդերեն ելույթում վստահեցրել է, որ ծառայելու է բելգիացիներին ու աշխատելու է կառավարության հետ` հետևելով Սահմանադրությանը: «Կեցցե Բելգիան»` բառերով ծափահարությունների տակ Ֆիլիպը սկսեց իր գահակալությունը: