Ռուսիայի մկրտության 1025-ամյակի շրջանակներում Կիևում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին: «Մեր հոգևոր միասնությունը այնքան ամուր է, որ ենթակա չէ որևէ իշխանության` ոչ պետական, ոչ, թույլ եմ տալիս ինձ ասել, եկեղեցական: Որովհետև ինչ իշխանության տակ էլ մարդիկ լինեն, Աստծո իշխանությունից բարձր ոչինչ լինել չի կարող»,-ասել է Վլադիմիր Պուտինը: Նա գտնում է, որ հոգևոր կապերն են ռուս-ուկրաինական բարեկամության ամուր հիմքը. «Մենք միասին ենք դիմակայել ծանր փորձությունների, ողբերգություններ ու ցնցումներ ենք ապրել, միասին ենք կառուցել ու պաշտպանել Մեծ Ռուսիան, պահպանել ենք մեր հավատը, պատմական ունիկալ փորձն ու ճանապարհը: Այս գործում մեծ դեր ունի Ռուս ուղղափառ եկեղեցին»: Դիմելով Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին` ՌԴ նախագահը ասել է, որ ընդհանուր տոնը հիշեցնում է հոգեկան ընդհանրությունը, ընդհանուր արմատները, նախորդ հարյուրամյակներում համատեղ արված գործերը: «Մենք լի ենք վճռականությամբ, մեր նախնիների գործերին հենվելով, շարժվել առաջ: Մենք հոգևոր ժառանգորդներն ենք այն իրադարձության, որ այստեղ կատարվել է 1025 տարի առաջ, ժառանգորդներն ենք Դնեպրյան կիևյան մկրտության ավազանի արժեքների: Այդ իմաստով մենք, անկասկած, մեկ ժողովուրդ ենք»,-ասել է Վլադիմիր Վլադիմիրովիչը: