ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և պաշտպանության նախարար Չակ Հեյգելը ելույթ են ունենալու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Սիրիայի հարցի քննարկման ժամանակ: Սենատորները մտադիր են փոփոխություններ կատարել Սպիտակ տան առաջարկած բանաձևի նախագծում, որը համարում են ոչ բավականաչափ կոնկրետ: Ըստ բանաձևի` Պենտագոնի խնդիրը սիրիական վարչակարգին զանգվածային ոչնչացման զենքն օգտագործելու հնարավորությունից զրկելն է: Ռազմական հարվածի անհրաժեշտությունը հիմնավորվում է իշխանությունների կողմից միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ, մասնավորապես ՄԱԿ-ի ԱԽ-ի 1540 բանաձևի, որով արգելվում է քիմիական զենքի կիրառումը: Բանաձևը նաև սահմանում է, որ հակամարտության կարգավորումը Սիրիայում հնարավոր է միայն քաղաքական ճանապարհով: