ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի հայրը չի կարողանում Մոսկվա թռչել մուտքի արտոնագիր չունենալու պատճառով: Լոն Սնոուդենը մինչև հիմա չի ստացել ռուսական վիզա: Դեռևս օգոստոսի 11-ին ABC հեռուստաալիքով Լոն Սնոուդենը և նրա փաստաբանը հայտարարել էին, որ ստացել են ռուսական վիզա: Ըստ ITAR-TASS-ի աղբյուրի` նրանք այդ հայտարարությունն արել են` հենվելով այդ ժամանակ Մոսկվայից ստացած տեղեկության վրա, և կարծել, թե կարող են շուտով Ռուսաստանում լինել:
«Փաստն այն է, որ Լոն Սնոուդենը մինչև հիմա վիզա չի ստացել: Երբ նրա փաստաբանները պարզաբանման համար դիմել են ռուսական հյուպատոսական ծառայություններից մեկին, նրանց պատասխանել են, թե մինչ վիզա տրամադրելը անհրաժեշտ է ՌԴ արտգործնախարարության թույտվությունը, որը դեռ չկա»,- նշել է աղբյուրը:
Առնվազն տարօրինակ է ՌԴ իշխանությունների պահվածքը Սնոուդեն ավագի նկատմամբ: Մուտքի արտոնագիր տրամադրելը ավելի կարճ ընթացակարգ է ենթադրում, քան մարդուն քաղաքական ապաստան տրամադրելը, սակայն ռուսական իշխանությունները երկրորդը արագացված կարգով արեցին, և Էդուարդ Սնոուդենը այժմ ժամանակավոր քաղաքական ապաստան գտավ շնորհիվ ռուսների բարեհաճության: Հնարավոր է, որ Էդուարդի հորը վիզա տրամադրելու գործընթացը պարզապես արհեստականորեն ձգձգվում է քաղաքական պատճառներով: Երևում է` «Նաջարյանը փոշմանել է»: ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները արդեն բավականին լարված են, իսկ առջևում Սանկտ Պետերբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովն է, որին իր մասնակցությունն արդեն հաստատել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ