Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Պատերազմը մեր դուռն էլ է ծեծելու

Պատերազմը մեր դուռն էլ է ծեծելու
04.09.2013 | 12:38

Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի Կոնգրեսում քվեարկության կդրվի մի բանաձևի նախագիծ, որը պատրաստել է ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարցերով կոմիտեն: Ըստ նախագծի` Սիրիայի դեմ ռազմական գործողությունների կիրառման ժամկետը սահմանափակվելու է 60 օրով, որը սակայն կարող է երկարաձգվել մեկ ամսով: Կարելի է գրեթե համոզված լինել, որ կոնգրեսականները հաջորդ շաբաթ կընդունեն պատերազմական գործողություններ թույլատրող այս բանաձևը, քանի որ երեկ ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հանրապետականների և դեմոկրատների առաջնորդները կողմ են արտահայտվել Բարաք Օբամայի` Սիրիային հարված հասցնելու ծրագրին: Նրանց կարծիքով` Միացյալ Նահանգները պետք է հարված հասցնի Սիրիային, որպեսզի թույլ չտա Բաշար Ասադին կրկին կիրառել քիմիական զենք: «Քիմիական զենքի օգտագործումը բարբարոսություն է: Ինձ համար բացարձակապես պարզ է, որ ՄԱԿ-ը ոչինչ անել չի կարող: ՆԱՏՕ-ն նույնպես դժվար թե խառնվի»,- ասել է պալատի հանրապետականների ներկայացուցիչների խոսնակ Ջոն Բայները: Չնայած սրան խոսնակը նշել է, որ Օբաման պետք է սպասի Կոնգրեսի քվեարկությանը:

Սա արդեն լուրջ սպառնալիք է, որ Սիրիայում սկսված պատերազմը կարող է շարունակվել` վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց կյանքը: ՈՒ խնդիրը ամենևին էլ Բաշար Ասադը չէ, նույնիսկ եթե նա քիմիական զենք է կիրառել, որի հերքման ապացույցներ անցած շաբաթ հրապարակվեցին «Veterans today»-ում: Խնդիրը ընդհանրապես պատերազմ ասվածն է, որը ոչ թե դադարում է, այլ էլ ավելի է երկարաձգվում: Որևէ մեկը, նույնիսկ ամերիկացի կոնգրեսականները չեն կարող երաշխիք ունենալ, որ այն կավարտվի 60 կամ 90 օրում: Պատերազմ ասվածը անկանխատեսելի է թե՛ ժամկետով, թե՛ հետևանքներով: Այս պատերազմը կարող խառնել տարածաշրջանում շատերի խաղաքարտերը, որից տուժելու է առաջին հերթին խաղաղ բնակչությունը, այդ թվում և` հազարավոր հայեր: Օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ստեփանակերտում ասել էր, թե Հայաստանը պետք է պատրաստ լինի սիրիահայերին ընդունելու: Մինչև սեպտեմբերի 9-ը, երբ ԱՄՆ-ի կոնգրեսականները կվերադառնան արձակուրդից և կքվեարկեն բանաձևի համար, հաշված օրեր են մնացել: Բանաձևն ընդունվելու պարագայում Սիրիայի նկատմամբ ամերիկյան առաջին հարվածը շատ չի ուշանա:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ