ԱՄՆ նախագահը Պենտագոնից պահանջել է ավելացնել նպատակակետերի քանակը, ինչպես նաև ուսումնասիրել այդ գործողություններում ռազմաօդային ուժերի մասնակցության հնարավորությունը: Թիրախ կարող են դառնալ սիրիական բանակի զորամասերը, որոնք իբրև թե պատասխանատու են քիմիական զենքի կիրառման համար: Անկանխատեսելի հետևանքներից զերծ մնալու համար ծրագրվում է խուսափել այն տեղերի հարվածներից, որտեղ ենթադրաբար տեղակայված է քիմիական զենք:
Երեկ ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը BBC-ի եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել նստել քննարկման սեղանի շուրջ: Նրանք պետք է զրույց սկսեն, որը կբերի հարաբերությունների բարելավման ու կկանգնեցնի այն, ինչ հիմա տեղի է ունենում: Ավելի շուտ Գորբաչովը մտահոգություն էր հայտնել ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման առիթով և ասել, որ այն փակում է սիրական ճգնաժամը լուծելու հնարավոր դռները:
Պուտինին էր դիմել նաև Հռոմի պապը: Հոգևոր առաջնորդը իր նամակում կոչ էր արել սիրիական հարցը լուծել քաղաքական ճանապարհով: Պապը G20-ի գագաթաժողովի մասնակից բոլոր երկրներին կոչ էր արել մի կողմ դնել իրենց տարաձայնությունները և սիրիական հարցը կարգավորելու համար խաղաղ ճանապարհ գտնել:
Չնայած այս կոչերին, Միացյալ Նահանգները արդեն ունի Սիրիային հարվածելու հստակ ծրագիր, և կարող են ավելացվել այն 50 թիրախային կետերը, որոնք նախկինում նշել էին ԱՄՆ-ի հետ Սիրիայի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հարցում ԱՄՆ-ի դաշնակից Ֆրանսիայի բանակի զինվորականները: Նշենք, որ Սիրիայի դեմ ամերիկա-ֆրանսիական հարվածները կարող են տեղի ունենալ առանց Սիրիայի իշխանության կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցների, քանի որ հարցի հետ կապված ՄԱԿ-ի փորձագետների ուսումնասիրությունները դեռևս չեն ավարտվել: Ինչ վերաբերում է ռուսական իշխանության դիրքորոշմանը, Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, թե Ռուսաստանը կարող մասնակից լինել Սիրիային հարվածներ հասցնելու ծրագրին, եթե ապացուցվի այդ երկրի իշխանության կողմից քիմիական զենքի կիրառումը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ