«Վերջին օրերին ես զրուցել եմ մի քանի տասնյակ զինծառայողների հետ` ինչպես գործող, այնպես էլ պաշտոնաթող, և համոզված եմ, որ ինձ կհաջողվի արտահայտել պրոֆեսիոնալների գերակշիռ մեծամասնության կարծիքը»,- գրել է ԱՄՆ-ի բանակի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, ԱՄՆ-ի զինվորական ակադեմիայի նախկին տնօրեն Ռոբերտ Սքեյլսը «The Washington Post» -ում: Վերջինս կոչ է արել ուշադրություն դարձնել ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարցերի կոմիտեի նիստի ժամանակ գեներալ Մարտին Ջեմփսիի պահվածքին: Նրա ասելով կասկած չկա, որ Ջեմփսին, ով ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահն է, չի ուզում պատերազմ: Հոդվածագրի պատմելով ԱՄՆ բանակի շատ զինվորականներ իրենց անհարմար են զգում, երբ նրանց են վերագրում Բարաք Օբամայի վարչակազմի դիլետանտիզմը, որը «փորձում է մշակել ռազմավարական խելամիտ ծրագիր»: «Սպիտակ տան անդամներից ոչ մեկը չունի ամենաչնչին փորձն անգամ պատերազմի և չի հասկանում այն: Նույնիսկ այն, թե ինչպես է ԱՄՆ-ը շարժվում պատերազմի ուղղությամբ, խախտում է պատերազմի բոլոր սկզբունքները, այդ թվում և` անկանխատեսելիության սկզբունքները»: Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտը գրում է, որ ԱՄՆ զինվորականները «նողկում են ԶԼՄ-ների ներկայացուցիչներից», քանի որ նրանք զգուշացնում են «հիտլերիզմի հնարավոր վերադարձի մասին»: Զինվորականները կարծում են, որ առաջիկայում Սիրիայում տեղի ունենալիք ռազմական գործողությունները ոչ մի ընդհանուր բան չունեն ամերիկյան ազգային անվտանգության նկատմամբ սպառնալիքի հետ: Նրանք նաև համոզված են, որ «ավելի շատ թվով սիրիացիների սպանությունը Իրանին չի ստիպի հրաժարվել ԱՄՆ-ին դիմադրելու փորձերից»: Զինվորականներից մեկը Սքեյլսին ասել է. «Լսեք, եթե ուզում եք վճռականորեն ամեն ինչին վերջ տալ, Սիրիա ուղարկեք ռազմական ուժեր, թող նրանք ջախջախեն սիրիական բանակը: Եթե մեր ազգը կարծում է, որ Սիրիան չարժե նրան, որ այնտեղ անցկացվի լուրջ օպերացիա, ուրեմն հանգիստ թողեք նրան»: ԱՄՆ բանակի շատ զինվորականներ իրենց մասնավոր զրույցներում զգուշացնում են, որ Սիրիան Լիբիա չէ և ոչ էլ Սերբիա: Հոդվածագիր պաշտոնաթող զինվորականը նշում է, որ վերջին մի քանի օրերին, սակայն, զինվորականների հետ զրույցից պարզել է, թե նրանց դիրքորոշումը հնարավոր պատերազմի վերաբերյալ մի քիչ փոխվել է, և նրանք հաշտվել են այդ մտքի հետ: Նրանցից մեկը, նկատի ունենալով Բարաք Օբամային, ասել է. «Գրողը տանի, եթե այդ տղան պատերազմ է ուզում, նա դա կստանա: Երևում է այդ պատերազմում իսկապես ոչ-ոք չի տուժի»:
Սքեյլսը գրում է. «Շատ շուտով ռազմական ուժերը հարգանքով պատիվ կտան և հարյուրավոր հրթիռներ բաց կթողնեն, որոնք անխուսափելիորեն կսպանեն նրանցից ոմանց, ում մենք ուզում ենք պաշտպանել: Մեր զինվորականները օպերացիան կանցկացնեն պրոֆեսիոնալ և հմտորեն: Հենց դա էլ մենք սպասում ենք ամենափորձառու բանակից: Որքան կուզեի, որ Ջոն Քերրին մի պահ կանգ առներ և նայեր այս շաբաթ տեղի ունեցած նիստի տեսագրությունները, մինչ մենք նորից կմտնենք պատերազմի մեջ»:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ