ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` «The New York Times»-ում հրապարակված հոդվածը ամերիկացիների զայրույթն է առաջացրել: Պենտագոնի կարծիքով՝ Պուտինը իր գաղափարներում «մեկուսացված է» աշխարհից: Ամերիկյան այս գերատեսչությունում Պուտինի կողմից Սիրիայի ընդդիմությանը ուղղված մեղադրանքները, թե ընդդիմությունը քիմիական զենք է գործածել, համարել են չհիմնավորված և իրականությունից հեռու: Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը ասել է, թե հոդվածը վիրավորանք է ուղղված յուրաքանչյուր ամերիկացու մտավոր ունակություններին: Միաժամանակ ամերիկացիները դրական են գնահատել սիրիական քիմիական զենքը միջազգային դիտորդների վերահսկողությանը հանձնելու ՌԴ նախաձեռնությունը: Հիշեցնենք, որ Պուտինն իր հոդվածում դիմել էր ամերիկյան քաղաքական առաջնորդներին և ժողովրդին, ասելով, թե ոչ մի երկիր չպետք է հարձակում գործի առանց ՄԱԿ-ի աջակցության` նման քայլը բնութագրելով իբրև սպառնալիք հենց ՄԱԿ-ի նկատմամբ: Պուտինը գրել էր, թե հարձակումը կհանգեցնի բռնության նոր ալիքի և տարածաշրջանի անկայունացման, այդ թվում և անմեղ զոհերի: Ի դեպ, Պուտինը Սիրիայում օգոստոսի 21-ին կիրառված քիմզենքը համարել էր ընդդիմության ձեռքի գործը, ի հակառակ ԱՄՆ-ի, որը դրանում մեղադրում է Ասադի ռեժիմին: Երեկ խոսել է նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Նա «Россия-24»-ի եթերում ասել է, թե խոստանում է տեխնիկական փաստաթղթեր ուղարկել ՄԱԿ՝ միանալու համար Քիմիական զենքի արգելման կոնվենցիային: Երեկ երեկոյան արդեն այդ փաստաթղթերը տրամադրվել էին միջազգային կազմակերպությանը: Ասադը, սակայն, պայմաններ էր առաջադրել: Նա մասնավորապես ասել էր, թե արևմտյան երկրները պետք է դադարեցնեն ռազմական ներխուժման ապսռնալիքները. «Երբ մենք կտեսնենք, որ ԱՄՆ-ը իսկապես ցանկանում է կայունություն մեր տարածաշրջանում և կդադարի սպառնալ ու ձգտել հարձակման, կդադարեցնի զենք մատակարարել ահաբեկիչներին, այդ ժամանակ կհամարենք, որ կարելի է անհրաժեշտ պրոցեսները տանել մինչև վերջ»: Ասադի` Արևմուտքին ուղղված պայմանների պարագայում անակնկալ էր այսօր առավոտյան Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի անունից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղարկված նամակը: Դրանով տեղեկացվում է Բաշար Ասադի կողմից հրաման ստորագրելու մասին, որով Սիրիան միանում է Քիմիական զենքի արգելման միջազգային կոնվենցիային: Իրավաբանորեն Սիրիան սրանով արդեն դառնում է կոնվենցիայի լիիրավ անդամ, թեև ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ անհրաժեշտ է նամակը ուսումնասիրել ու հասկանալ, թե արդյոք այն կարելի է համարել գործիք-երաշխիք կոնվենցիային միանալու համար: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կարծիք է հայտնել, որ Սիրիայի` Քիմիական զենքի արգելման կոնվենցիային միանալը դեռևս ոչինչ չի նշանակում, և այն չի կարող փոխարինել քիմիական զենքի ոչնչացման գործընթացին: Սա նշանակում է, որ Բարաք Օբաման մտադիր չէ հրաժարվել Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու իր ծրագրից, մինչև չհասնի այս երկրում առկա քիմիական զենքի ոչնչացմանը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ