Այսօր առավոտյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստացել է ՄԱԿ-ի փորձագետների հաշվետվությունը Սիրիայում քիմզենքի վերաբերյալ: Օգոստոսի 21-ին Սիրիայի Դամասկոս քաղաքի մեջակայքում կիրառված քիմիական զենքը տարածակարծությունների տեղիք էր տվել: Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը, պնդում էր, որ այն օգտագործել է Սիրիայի իշխանությունը, իսկ Ռուսաստանը համոզված էր, թե քիմզենքը կիրառել են ապստամբները: Ինքը` Բաշար Ասադը, հերքել էր Սիրիայի բանակի կողմից քիմզենքի կիրառումը, ասելով, թե անտրամաբանական է նման ենթադրությունը, քանի որ բանակը պարզապես չէր կարող կիրառել զենքն այնտեղ, ուր ինքը գտնվում էր: Թե ինչ է բովանդակում ՄԱԿ-ի փորձագետների հաշվետվությունը, Բան Կի Մունը կտեղեկացնի այսօր երեկոյան՝ Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում լրագրողների հետ սպասվող հանդիպման ժամանակ: Մինչ ՄԱԿ-ի փորձագետները պատրաստում էին իրենց հետազոտությունների վերաբերյալ հաշվետվությունը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանակցություններն ավարտվեցին: Ստորագրվեց համաձայնագիր Սիրիայի քիմզենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները չի բացառում Սիրիայի վրա հարձակումը, քանի որ ամերիկացիները թերահավատ են Սիրիայի իշխանությունների անկեղծության առնչությամբ: Ջոն Քերրին կարծում է, ուր համաձայնագիրը կարող է հնարավորություն տալ Սիրիայում քիմզենքի ամբողջովին չեզոքացման և դիմել է Սիրիայի իշխանություններին կոչ անելով չփորձել խուսափել այդ համաձայնագրերի կատարումից: ԱՄՆ-ի պետքարտուղարն ընդգծել է, թե Սիրիայում ուժի կիրառումը մնում է իրական: Այդ մասին խոսել է և Բարաք Օբաման` ասելով, թե կլինեն հետևանքներ, եթե Ասադի ռեժիմը չկատարի համաձայնագրում ամրագրված պարտավորությունները. «Եթե դիվանագիտությունը չօգնի, ԱՄՆ-ը պատրաստ է անցնել գործողությունների»: ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ իր նպատակն է, որպեսզի չկրկնվի այն, ինչ տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում: «Մենք հնարավորություն ունենք այնպես անել, որ դա կրկին տեղի չունենա»,-ասել է Օբաման: Ինչ վերաբերում է սիրիացիների արձագանքին, Բաշար Ասադի իշխանությունը ողջունել է ընդունված համաձայնագիրը, որը հնարավորություն կտա խուսափել պատերազմից: Սիրիական ընդդիմությունը, հակառակ սրա, պնդում է, թե ԱՄՆ-ը պետք է ռազմական ուժ կիրառեր սիրիական բանակի նկատմամբ: Հավելենք, որ ըստ ԱՄՆ-ի փորձագետների՝ Սիրիայի քիմիական զենքի չեզոքացումը կարժենա մոտ 150 մլն դոլար: Գումարի տրամադրման և գործողության իրականացման վայրի շուրջ դեռևս պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Ըստ ընդունված համաձայնագրի՝ Սիրիայի քիմիական զենքի չեզոքացումը պետք է իրականացվի մինչև 2014-ի կեսերը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ