Սիրիական խմորը դեռ շատ ջուր է տանելու: Արևմուտքն ու Ռուսաստանը ոչ մի կերպ ընդհանուր հայտարարի չեն հանգում, չնայած ԱՄՆ-ՌԴ Սիրիայի հարցով ստորագրված համաձայնագրին, ըստ որի Սիրիայի իշխանությունները մեկ շաբաթվա ընթացքում պետք է միջազգային հանրությանը ներկայացնեն քիմիական զենքի պաշարների ողջ ցուցակը, որից հետո այն պետք է հեռացվի երկրից և չեզոքացվի:
Երեկ երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները փակ հանդիպում են ունեցել և քննարկել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պատրաստած բանաձևը Սիրիայի վերաբերյալ: Պարզվում է` լուրջ անհամաձայնություններ կան հարցի շուրջ, և բանաձևի ընդունումը կարող է հետաձգվել: ՌԴ-ն դեմ է Արևմուտքի` Սիրիայի իշխանություններին քիմիական զենքի կիրառման համար պատասխանատվության ենթարկելու առաջարկին: Ռուսաստանը նախկինի պես պնդում է, թե օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում տեղի ունեցած քիմհարձակումը կարող էր լինել պրովոկացիա` սիրիական կոնֆլիկտի մեջ արտասահմանյան ուժերի ներգրավման համար: ԱՄՆ-ը իր հերթին կարծում է, թե Ռուսաստանը անհիմն է մերժում սիրիական ռեժիմի պատասխանատվության հարցը քիմզենքի կիրառման առնչությամբ: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին նույնիսկ ասել է, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լողում է հոսանքին հակառակ, որին հետևում է միջազգային հանրությունը:
Իրադարձությունների զարգացումից և ամերիկյան քաղաքական գործիչների արձագանքներից երևում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության նկատմամբ անվստահությունը ոչ մի քայլ նահանջ չի ապրել: Հակառակը, ամերիկացիները շարունակում են հանդես գալ Սիրիայի իշխանությանը ճնշելու օգտին: ԱՄՆ-ի սենատոր Ռիչարդ Բլումենթալը նույնիսկ առաջարկել է սառեցնել ռուսական այն բանկերի հաշիվները, որոնք ֆինանսավորում են Սիրիայի կառավարությանը: «Դա այն ցավոտ կետն է, որը կարող ենք ճնշել»,-ասել է սենատորը: Նրա կարծիքով՝ վերջին երկուսուկես տարիներին ռուսական բանկերը ֆինանսապես աջակցում են Սիրիայի կառավարությանը: Այս ամենի ֆոնին երեկ երեկոյան ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Դամասկոսում հանդիպում է ունեցել Սիրիայի իշխանության ներկայացուցիչների հետ: Ռուսական «Առաջին» հեռուստաալիքի հաղորդմամբ Սիրիայի իշխանությունները ՌԴ-ին ներկայացրել են ապացույցներ, որ Սիրիայում տեղի ունեցած քիմհարձակումը կատարել են ապստամբները: Դեռևս չի հաղորդվել, թե սիրիացիները ինչ կարգի ապացույցներ են տրամադրել ռուսներին: Ռյաբկովը միայն ասել է, թե այդ ապացույցները պետք է ուսումնասիրել:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ