Մոլդովայի Գագաուզիա շրջանի ներկայացուցիչները փորձեր են անում ինքնուրույն բանակցություններ վարելու Ռուսաստանի հետ գինու վաճառքի հարցով: Ռուսների կողմից մոլդովական գինու ներմուծման վրա արգելք դնելուց հետո այս շրջանում անջատողական տրամադրություններ են: Գագաուզիա շրջանի ղեկավարությունը թերահավատությամբ է վերաբերվում Մոլդովայի` եվրաինտեգրման ծրագրերին և կոչ է անում միանալ Մաքսային միությանը: Շրջանի վարչական ղեկավար Միխայիլ Ֆորմուզալը հայտարարել է, թե այդ արգելքից ավելի շատ տուժելու է Գագաուզիա շրջանը, քանի որ այստեղ գինեգործությունը մեծ չափով զարգացած է տնտեսության մյուս ոլորտներից. այն կազմում է շրջանի արդյունաբերության 60 տոկոսը: Գինեգործության ոլորտը այստեղ զբաղվածություն է ապահովում հազարավոր մարդկանց համար: Առաջիկայում Գագաուզիայի պատվիրակությունը մեկնելու է Մոսկվա հանդիպելու «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոյի և մի շարք պատգամավորների հետ: Գինեգործներն ասել էն, թե պատրաստ են ցանկացած նոր սարքավորում գնելու և բաց են ստուգումների համար. Մոսկվան կարող է հետևել արտադրության ողջ պրոցեսին:
Մոլդովայի այս շրջանում անջատողական տրամադրությունները սկսվել են դեռևս 1990-ականներից, որի արդյունքում ի վերջո Գագուզիիա շրջանը հասել է Մոլդովայի ներսում ինքնավարության: Սակայն սա հարցի միայն մեկ կողմն է: Եթե շրջանի ղեկավարներին հաջողվի պայմանավորվել Մոսկվայի հետ, հնարավոր է, որ նրա օրինակին հետևեն և Մոլդովայի այլ շրջաններ, որը կարող է վերջ դնել պաշտոնական Քիշնևի` եվրաինտեգրմանն ուղղված քաղաքականությանը երկրի ներքին խաղաղությունը պահպանելու հաշվին: Բացառված չէ, որ այս ամենի հետևում կանգնած է պաշտոնական Մոսկվան` Մոլդովայի եվրոպական նկրտումները զսպելու և նրան իր գիրկը վերադարձնելու նպատակով: Մինչ այս պահը Մոլդովայի իշխանությունը շարունակում է կողմ արտահայտվել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուն:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ