Երեկ ռուսական «Առաջին» հեռուստաընկերության եթերում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է ռազմական դիտորդներ ուղարկել Սիրիա` մասնակցելու քիմիական զենքի նկատմամբ վերահսկողության ծրագրի իրականացմանը: Լավրովն ընդգծել է, թե խոսքը միայն դիտորդների մասին է: Նա անդրադարձել է նաև Սիրիայի հարցում Արևմուտքի դիրքորոշմանը` ասելով, թե մասնավորապես ԱՄՆ-ը և Ֆրանսիան շարունակում են պնդել, որ քիմզենքը կիրառվել է ռեժիմի կողմից և կեղծում են, երբ ասում են, թե ընդդիմությունը քիմզենք չունի: ՌԴ իշխանությունը կարծում է, թե ոչ միայն ՌԴ-ն պետք է Սիրիա ուղարկի իր դիտորդներին, այլև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամ երկրները, արաբական երկրները, Թուրքիան: Լավրովը փոխադարձ մեղադրանքներ է հղել ԱՄՆ-ի իշխանություններին: Նրա խոսքով` փոխարենն ամերիկացիները իրենց ուժերը ուղղեն սիրիական հարցը խաղաղ ճանապարհով լուծելուն, շարունակում են «շանտաժի ենթարկել» Ռուսաստանին: Ըստ ռուսների մեկնաբանության` Արևմուտքը ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հնարավորինս շուտ ընդունի Սիրիայի վերաբերյալ ուժային բանաձևը, որը նախատեսում է ռազմական միջամտություն Սիրիայում: Երեկվա հարցազրույցում Լավրովը նաև հայտարարել է, թե ՌԴ-ն չի պատրաստվում Սիրիայում քիմզենքի երաշխավորը դառնալու. «Մենք ապահովել ենք Սիրիայի միացումը «Քիմիական զենքի արգելման» բանաձևին առանց որևէ վերապահության` ի տարբերություն ամերիկացիների, ովքեր բանաձևին միացել են վերապահումներով: Այժմ Սիրիան իրավաբանական փաստաթղթի կողմ է հանդիսանում և Սիրիայի` իր պարտականությունների կատարման երաշխիք է միջազգային հանրությունը»: Լավրովը Սիրիայի ընդդիմադիրների «հովանավորներից» պահանջել է համոզել ընդդիմությանը հանձնելու քիմիական զենքը: Սա նշանակում է, որ ՌԴ-ն շարունակում է քիմզենքի կիրառման մեջ մեղադրել Սիրիայի ընդդիմությանը` հակառակ Արևմուտքի, որը այն վերագրում է Ասադի ռեժիմին:
Սիրիայում ստեղծված իրավիճակի ֆոնին գնալով ավելի են սրվում ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ի սենատոր Ռիչարդ Բլումենթալը կոչ արեց փակել ռուսական այն բանկերի հաշիվները, որոնք աջակցում են Սիրիայի նախագահին: Իսկ սրանից էլ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ամերիկյան իշխանությանը և ժողովրդին հղված նամակը ու հանրապետական Ջոն Մակքեյնի պատասխանը, որում ասվում էր, թե Պուտինն ու Ասադը Օբամային տանում են փակուղի: ԱՄՆ-ում միանշանակ չեն ընդունում Օբամայի, այսպես ասած, զիջումները Ռուսաստանին Սիրիայի վերաբերյալ: Շատ քաղաքական գործիչներ կարծում են, որ ԱՄՆ-ը օր առաջ պետք է միջամտեր Սիրիայի քաղաքացիական պատերազմին և իշխանությանը իր տեղը ցույց տար` պատճառաբանելով, թե օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում կիրառված քիմիական զենքը Ասադի ձեռքի գործն է: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Սերգեյ Լավրովի երեկվա հարցազրույցից պարզ երևում է, որ Պուտինը միաժամանակ և՛ հարձակվում է, և՛ նահանջում: Սիրիայի իշխանություններին պաշտպանելով, նա այդպիսով ամրապնդում է իր դիրքերը միջազգային հանրության ու ռուսական ընդդիմության նկատմամբ. յուրաքանչյուր տոտալիտար ռեժիմի չեզոքացմամբ արևմտյան ժողովրդավարության մուտքը ՌԴ ավելի ու ավելի իրական է դառնում, մյուս կողմից` Պուտինը շատ բան չի ուզում վերցնել իր վրա` դա ժողովրդավարության դեֆիցիտով տառապող երկրի համար իսկապես ծանր բեռ է: Այսինքն, ռուսների հարձակումն ու նահանջը նույն նպատակին են ծառայում` պուտինյան իշխանության ամրապնդմանը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ