Կասկածից վեր է, որ ղարաբաղյան հակամարտության գործընթացը կարգավորող երեք մեծ տերությունների ղեկավարները, ինչպես նաև ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, ելնելով իրենց առաքելության մեծ և լուրջ պատասխանատվությունից, բավականին լավատեղյակ պետք է լինեն 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից նրա ողջ տարածքում (հիմնականում հայերի պատմական օրրան Արևմտյան Հայաստանում) իրագործված, իր նախադեպը չունեցած, աներևակայելի մեծ ծավալի և մասշտաբի, մեկուկես միլիոն հայերի զանգվածային բնաջնջմանը` ցեղասպանությանը:
Չբավարարվելով սեփական տարածքում հայերի ցեղասպանության «արդյունքներով», և այն շարունակելու նպատակով` թուրքական իշխանությունները նախաձեռնեցին ցեղասպանության «արտահանումը» (փոխադրումը) թուրքական մյուս պետություն` նորաստեղծ Խորհրդային Ադրբեջան, ակնկալելով հայերի վերջնական բնաջնջումն ու տեղահանումը մեր պատմական տարածքներից, դրանով իսկ ճանապարհ հարթելով «Մեծ Թուրանի» իրագործմանը:
Ադրբեջանական իշխանությունները հլու-հնազանդ «ժառանգելով» այն և օգտվելով «Մեծ եղբոր»` ցեղասպանություն իրագործելու բավականին մեծ և հարուստ «փորձից», նույն նպատակային ծրագրով, նույն ոճով ու ձեռագրով, հետագա 70 տարիներին շարունակ իրականացրին հայերի կոտորածներն ու սպիտակ ջարդը Ադրբեջանում: Դրա վառ ապացույցն է այն, որ վաղուց Նախիջևանում չի մնացել ոչ մի հայ ընտանիք, երբ մինչև նրա նվիրումն Ադրբեջանին այնտեղ բնիկ հայերը բացարձակ մեծամասնություն էին: Բարեբախտաբար, այդ նույնը չհասցրին իրականացնել Ղարաբաղում, սակայն այդ 70 տարիներին` նույն դրդապատճառներով, իրենց հայրենիքը ստիպված լքեցին հարյուր հազարից ավելի ղարաբաղցի հայորդիներ: Իսկ ահա, ղարաբաղյան շարժումից անմիջապես հետո (1988 թ.), Սումգայիթում, այնուհետև, Բաքվում, ինչպես նաև Ադրբեջանի շատ այլ բնակավայրերում իշխանությունների իրականացրած զանգվածային խոշտանգումներից և կոտորածներից հրաշքով մազապուրծ եղած հայերի թիվն անցնում էր 400 հազարից:
Հետագայում, օրինական ճանապարհով անկախություն ձեռք բերած Ղարաբաղի ժողովրդին նորանոր կոտորածներով պատժելու, ստեղծված առիթն ու պահն օգտագործելով` Ղարաբաղը հայերից ամբողջովին դատարկելու համար ադրբեջանական իշխանությունները սանձազերծեցին լայնամասշտաբ պատերազմական գործողություններ նրա դեմ (1991-94 թթ.): Սակայն հայ ժողովուրդը վերջապես ուժ գտավ իր մեջ, արժանավայել դիմակայեց և ընդմիշտ ու անդարձելի կասեցրեց հայերի` հարյուր տարի (1894-1994 թթ.) տևած ցեղասպանությունը, ծնկի բերելով անվրեպ գործող կացնավոր մարդասպանին:
Եվ առնվազն զարմանալի է, որ մեկ դար շարունակ` Թուրքիայում, այնուհետ Ադրբեջանում ցեղասպանություն կրած, հայրենիքի մոտ 80 % տարածքները կորցրած հայ ժողովուրդը, ի դեմս Ղարաբաղի ժողովրդի, արյան գնով, իր պատմական հայրենիքի տարածքում` օրենսդրորեն նվաճված անկախությունը մինչ օրս (մոտ 22 տարի) ճանաչված չէ միջազգայնորեն:
Այսքանից հետո հարց է ծագում` ո՞րն է գաղտնիքը, և այդ երեք երկրներից ո՞ր մեկն է հիմնականում խոչընդոտել և այժմ էլ խոչընդոտում` շուրջ 20 երկարուձիգ տարիներ ընթացող, սակայն այդպես էլ` առայսօր, ոչ մի լուրջ և շոշափելի արդյունք չարձանագրած, հեռանկար չունեցող, ընդհակառակը` ազգամիջյան նորանոր ավելորդ կրքեր բորբոքող բանակցությունները: Եվ, բնականաբար, հետաքրքիր է, թե ում է շահեկան հարցի այսքան երկար ձգձգումը:
Այսօր բոլորին է հայտնի, որ ազգամիջյան նույն հարցի լուծման համար միջազգային բարձր ատյաններում գոյություն ունեն երկակի ստանդարտներ, պայմանավորված տվյալ տարածաշրջանում նրանց` ներկայիս և հեռանկարում ակնկալիք շահերով:
Այդ մեծ տերություններից ԱՄՆ-ը և Ֆրանսիան մեր տարածաշրջանում, իհարկե, ունեն իրենց շահերը, սակայն, մեր կարծիքով, ոչ այն աստիճանի գերակա կարևորության, որի համար արժե թեկուզ փոքր-ինչ զոհաբերել իրենց «դեմքն» ու հեղինակությունը: Գոնե մեր երկրի նկատմամբ նրանք անհամեմատ ավելի անկեղծ և բարյացակամ են տրամադրված, քան շատ այլ երկրներ:
Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա առնվազն 19-րդ դարից սկսած` Հարավային Կովկասում, իր տիրապետության տակ գտնվող տարածքների վրա վերահսկողությունն ապահովել և պահպանել է միջէթնիկական կոնֆլիկտներ հրահրելով և «անշահախնդիր» արբիտրի դեր ստանձնելով: Մեր օրերում այդ վերահսկողությունը պահպանվում է արդեն միջպետական կոնֆլիկտների և էներգետիկ մահակի հաշվին: Եվ զարմանալի չէ, որ այդ երկրներից, թերևս, միայն Ռուսաստանին ձեռնտու չէ ղարաբաղյան և այլ կոնֆլիկտային հարցերի խաղաղ լուծումը, քանզի դրանով իսկ նա կարող է կորցնել իր ներկայության անհրաժեշտությունը Հարավային Կովկասում:
Ռուսաստանը, անկասկած, մեղքի իր մեծ բաժինն ունի մեր տարածաշրջանում, հատկապես Ղարաբաղում այսօր ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի համար: Հայտնի է, որ Խորհրդային Միության կազմավորման հենց սկզբից նրա իշխանությունները կանխամտածված, հատուկ, հեռուն գնացող նպատակներով, բավականին բարդ, խելամտորեն խճճած, սակայն հետագայում ազգամիջյան, միջպետական պոտենցիալ մեծ վեճեր պարունակող, թաքնված խարդավանքներով ու նենգամտությամբ հարուստ և հագեցած խորամանկ քայլերի շնորհիվ իրենցից շատ ամուր կապերով, մեծ և երկարատև կախման մեջ գցեցին, ոչ միայն անդրկովկասյան երկրները:
Նա մեղքի իր ոչ փոքր բաժինն ունի նաև Թուրքիայում հայերի ցեղասպանության իրականացման գործում, ինչպես և Կարսի, Արդահանի նահանգների, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի զավթման հարցում` հոգուտ Թուրքիայի և Խորհրդային Ադրբեջանի: Վերջինիս տարածքում, 70 տարի շարունակ` հայերի նպատակադրված տեղահանումների, ցեղասպանության և սպիտակ ջարդի համար: Այդ իսկ պատճառով Ռուսաստանի իշխանությունները բնավ չեն ցանկանա, առավել ևս, երբեք թույլ չեն տա ղարաբաղյան թնջուկի խաղաղ լուծումն այնքան ժամանակ, քանի դեռ վերջնականապես Հայաստանը և Ադրբեջանը չեն «սանձել»` միաժամանակ, մեկտեղ և վերջնական: Թեպետ Հայաստանն իր «անկախության» առաջին իսկ օրվանից մինչ օրս, ցավոք, այդպես էլ չկարողացավ ձերբազատվել այդ կացությունից, այլ ավելին` նա այսօր Ռուսաստանի կողմից շղթայված է ամուր կապանքներով, որը երբևէ չի խորշում ցանկացած գնով (ագրեսիայով, «բնական» աղետներով կամ էներգակիրների փականով) «սանձելուց» խորհրդային տարածքի մնացած բոլոր նախկին երկրները: Եվ այդ վտանգը դամոկլյան սրի պես մշտապես կախված կլինի նրանց գլխավերևում այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանում չեն հաստատվել իսկական ժողովրդավարական կարգեր:
Բնականաբար, Ռուսաստանին ձեռնտու է ղարաբաղյան հիմնահարցի լուծման` Մադրիդյան հիմնարար սկզբունքների այսօրվա «պատային» իրավիճակը: Տպավորություն է ստեղծվում, որ այդ փաստաթուղթը մշակվել և կազմվել է Ռուսաստանի շահերից ելնելով կամ առնվազն նրա ճնշման տակ: Թերևս, զարմանալի է, որ նման իրավիճակը (ստատուս քվոն) դեռևս շարունակում է ձեռնտու մնալ մեր իշխանություններին, երբ այսօր այն ժամանակի իզուր կորուստ է մեզ համար: Հետևապես մեր իշխանությունները առանց երկար վարանելու պետք է նախաձեռնեն և ամեն գնով փորձեն հանել բանակցությունները փակուղուց, հաղորդելով նրանց լրացուցիչ, նոր և թարմ մտքերի դրական իմպուլս` ի նպաստ հարցի հնարավորինս արագ և արդար լուծման: Նշենք, որ ղարաբաղյան հիմնահարցի Մադրիդյան հիմնարար սկզբունքները, մինչ օրս խնդրի լուծմանը ներկայացված առաջարկություններից, թերևս, շատ թե քիչ հաջողված տարբերակ է երկու կողմերի համար, հատկապես հարցի լուծման սկզբնական էտապում իր հուսադրող (գուցե և թվացյալ) և հեռանկարում խոստումնալից երաշխիքներով: Սակայն, ցավոք, այստեղ նույնպես առկա է հարցի ոչ ճիշտ, և ոչ իրավացի լուծման ուղղվածությունը, կանխավ փակուղի մտցնելու միտումով:
Նախ, ընդունված երկու հայտնի սկզբունքներից «երկրների տարածքային ամբողջականության» սկզբունքի ընդգծված առաջնահերթությունը փաստաթղթում, երբեք չի բխում «ազգերի ինքնորոշման» սկզբունքի գերակայության բացարձակ ճշմարտության փիլիսոփայությունից:
Ի դեպ, փաստաթղթում ոչ մի լուրջ փաստարկով, իրավաբանորեն հստակ և համոզիչ չի պատճառաբանված, առավել ևս` չի հիմնավորված այս երկու սկզբունքներից որևէ մեկի առաջնայնությունը: Ընդհակառակը, նրանք ավելի շատ հակասում են մեկը մյուսին, քան լրացնում միմյանց, ինչի պատճառով հիմնարար սկզբունքները, որպես հարցի լուծման առանցքային գործիք, կարծես թե այսօր կորցրել են իրենց իմաստը:
Սակայն, քանի որ այդ երկու սկզբունքները դեռևս լիարժեք գործում են Մադրիդյան փաստաթղթում և, բնականաբար, կողմերից յուրաքանչյուրը (արդարացիորեն) պաշտպանում, համառորեն պնդում և պահանջում է իր «ճշմարիտ» սկզբունքի գերակայությունը, ապա դա (բանակցությունների հետագա ձգձգման դեպքում) կարող է պատրվակ և «հիմք» դառնալ` Ադրբեջանի իշխանությունների կողմից ևս մեկ անգամ մեծածավալ ագրեսիայի իրականացմանը` Ղարաբաղի ժողովրդի դեմ: Եվ, քանի դեռ այսօր այդ հնարավոր ագրեսիայի դեմ չկա համապատասխան և համարժեք, երաշխավորված զսպաշապիկ` միջազգային բարձր ատյանների կողմից, ապա դրանից հնարավորինս խուսափելու նպատակով առաջարկում ենք, որ Մադրիդյան սկզբունքներից մեկի առաջնահերթությունը (առանձին վերցրած` Ղարաբաղի համար) անհապաղ և արագացված ռեժիմով հստակեցվի և վերջնական որոշվի մարդու իրավունքների միջազգային հեղինակավոր դատական ատյաններում` մեր երկրի հաստատակամ պահանջով, անվիճելիորեն հիմք ընդունելով ղարաբաղյան հակամարտությունը ծնած իրական պատճառները` անմիջականորեն կապված Ադրբեջանում տասնամյակներ շարունակ հայերի նպատակադրված, անընդմեջ խոշտանգումների, կոտորածների և սպիտակ ջարդի հետ:
Այդ նպատակով մեր իշխանությունները նախապես պետք է ամեն գնով հասնեն նրան, որ Մադրիդյան սկզբունքների փաստաթղթում ՄԽ-ում ընդգրկված բոլոր անդամ երկրների աջակցությամբ և համաձայնությամբ ավելացվի հետևյալ դրույթը.
«Սկզբունքներից մեկի առաջնահերթությունը որոշել մարդու իրավունքների միջազգային դատական ատյաններում` հակամարտությունը ծնած պատմական հիմնական և բուն պատճառների, նրանց հետևանքների հանգամանալից ուսումնասիրությունների և վերլուծությունների եզրակացությունների հիման վրա»:
Իսկ այդ վերլուծությունները, բնականաբար, կհաստատեն, որ Ղարաբաղին պարտադրված պատերազմում, ինչպես և դրան նախորդած` Սումգայիթում ու Բաքվում հայերի նպատակադրված սպանդն ու տեղահանումները նպատակ ունեին «մաքրել» Ղարաբաղն ու հայաբնակ այլ տարածքներ հայերից, ինչն իր ողջ էությամբ և բնույթով ինքնին Ադրբեջանում տասնամյակներ շարունակ, ինչու ոչ, նաև Արևմտյան Հայաստանում իրագործված հայերի ցեղասպանության անմիջական և ուղղակի շարունակությունն է, նրա բաղկացուցիչ մասը, «եզրափակիչ փուլը», նրա մեծ շղթայի վերջին օղակը, ինչը, ցավոք, բանակցություններում մշտապես և կանխամտածված շրջանցում և անտեսում են եռանախագահները, գուցե և մեր բանագնացների «թույլտվությամբ» և «օգնությամբ»:
Հետևապես, ադրբեջանական իշխանությունների կողմից Ղարաբաղում զինված ուժերի օգնությամբ հայերի նկատմամբ իրականացված ոճրագործություններն ու զանգվածային կոտորածները (համանման Թուրքիայում 1915 թ. իրագործված ցեղասպանությանը)` անջատել, առանձնացնել Հայոց հարյուրամյա ցեղասպանության բազմահատոր պատմության էջերից` դարձնելով այն միջազգային ատյանների առանձին, անջատ, ամեն ինչից զատ ու մեկուսացված քննարկման հարց և այդքանից հետո իրական հանցագործների փոխարեն մեղադրել հայերին որպես ագրեսորի և պահանջել նրանցից վերադառնալ Ադրբեջանի ենթակայության տակ, առնվազն անհեթեթություն ու անմտություն է, եթե, ավելի անկեղծ, ապա ծայրագույն աստիճանի ցինիզմ: Նույն տրամաբանությամբ և սկզբունքով ղարաբաղյան հակամարտության հիմնահարցի լուծումն ինքնին Ադրբեջանում հայերի ցեղասպանության ճանաչման հարցի ածանցյալն է, և նրանք պետք է լուծվեն միասին, մեկտեղ և միաժամանակ, որպես մեկ ամբողջական, մեկը մյուսին լրացնող հարց: Թեև, ավելի ճիշտ կլինի, որ ղարաբաղյան հիմնահարցը լուծվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի միջազգային քննարկման շրջանակներում, քանզի այդ հակամարտության բոլոր պատճառներն ու հետևանքները, բնականաբար, գալիս են Մեծ եղեռնի «ակունքներից»:
Այսպիսով, կարծում ենք, որ ղարաբաղյան հիմնահարցի բանակցային գործընթացներում այսուհետ առանց Հայոց ցեղասպանության (առայժմ թեկուզ միայն Սումգայիթում, Բաքվում և Ղարաբաղում) ճանաչման հարցի միաժամանակյա քննարկման կամ նրա շուրջը մտքերի լուրջ փոխանակման և արձագանքման` մեր կողմի մասնակցությունը բանակցություններին եղել և այսօր էլ մնում է անտրամաբանական, անիրատեսական, անհիմն, անարդար և անընդունելի:
Ցավոք, մեր իշխանությունները շատ հաճախակի են գնացել և այսօր էլ գնում են անթույլատրելի մեծ զիջումների միջազգային բանակցություններում, հատկապես Ղարաբաղի հարցում, ինչի վտանգը սպառնում է ողջ հայ ժողովրդին: Հասկանալի չէ, թե ինչու մեր իշխանություններն ի զորու չեն համարձակ, հաստատակամ, գուցե և կոշտ, սակայն հավաստի, արդարացված և շատ հրատապ պահանջներ ներկայացնելու միջազգային ատյաններին, և ինչու չէ, նաև մեր հարևաններին, ովքեր մեզ հակառակ իրենց ամպագոռգոռ, իրավապես անհիմն պահանջներով և սադրանքներով վաղուց ողողել են ողջ միջազգային լրատվությունը` օգտվելով նրանից, որ մենք հիմնականում լռում ենք, ինչը բոլորովին չի նպաստում ղարաբաղյան հիմնահարցի լուծմանը: Ընդհակառակը, ավելի է լայնանում այն երկրների և միջազգային կազմակերպությունների շրջանակը, որոնք ղարաբաղյան ժողովրդի ազատագրական պայքարը որակավորում են որպես ագրեսիա:
Մեր իշխանությունները մշտապես, ցանկացած պահի, ցանկացած առիթով և իրավիճակում պետք է պատասխանեն, նախահարձակ լինեն` նախաձեռնությունը պահելով իրենց ձեռքում, այլ ոչ թե միջազգային բարձր ատյաններում, ինչպես նաև մեծ երկրների շեմին, ամեն անգամ հանդես գան մեղավորի դիրքերից, առավել ևս հանդուրժեն «ագրեսոր» պիտակը, ինչը պատիվ չի բերում իշխանություններին, առանձնապես մեր արժանավայել հաղթանակած ժողովրդին:
Սերգեյ ՀԱՋԻՆՅԱՆ
Ռոբերտ ՇԱՄԻՐՅԱՆ
Գրիգոր ԹՈՐՈՍՅԱՆ