Ռուսաստանի տնտեսությունը զրոյական մակարդակի վրա է: Տնտեսության զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը նույնիսկ հիշել է հին անեկդոտը, որում ասվում է, թե երկրում մշակույթ չկա, բայց կա մշակույթի նախարար, և նա իրեն լավ է զգում. «Կարծես թե փաստացի տնտեսական զարգացում չկա, իսկ տնտեսական զարգացման նախարարը ձեր առջև է … իհարկե, այն տարբերությամբ, որ նա իրեն շատ վատ է զգում»,- ասել է ՈՒլյուկաևը: Նա հայտարարել է, թե տնտեսության զարգացման այժմյան մոդելն իրեն սպառել է, քանի որ ռուսական տնտեսությունը լուրջ պրոբլեմների է բախվել: Ռուսաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալը կտրուկ իջել է, տնտեսությունը ցածր աճ է գրանցում, իսկ արդյունաբերական արտադրանքի աճն ընդհանրապես զրոյական է: Վերջին օրերին մի քանի պաշտոնյա ազատվել է աշխատանքից տարբեր չարաշահումների հետ կապված, սակայն վերլուծաբանների կարծիքով՝ դա գործին օգուտ չի բերի, քանի որ ողջ համակարգն է կոռումպացված: Սոցցանցերում ռուս օգտատերերը քննադատում են իշխանությանը: Քաղաքացիների կարծիքով՝ պուտինյան իշխանությունը վաղուց իրեն սպառել է և աշխատում է միայն իր գրպանները լցնելու համար:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ