Եվրախորհրդի որոշմամբ Անդրեյ Սախարովի անվան մրցանակի այս տարվա թեկնածուներից մեկը ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն է: Ռուսական կայքերը գրում են, թե այս լուրը այնքան է ամերիկյան իշխանություններին զայրացրել, որ ԱՄՆ ԿՀՎ և ԱԱԳ նախկին ղեկավարը ասել է, թե Սնոուդենի անունն ընդգրկելու է «ոչնչացման» ցուցակի մեջ: «The Hill»-ի լրագրողը հաղորդել է, թե Մայքլ Հայդենը կատակել է: Ըստ ռուսական տեղեկատվության, Հայդենը այդ խոսքերն ասել է «Washington Post»-ի կազմակերպած կիբերանվտանգության գիտաժողովի ժամանակ: Նա նշել է, թե վերջին մի քանի ամիսների ամենածանր պահերին ինքը նույնպես մտածել է Սնոուդենին ցուցակում ընդգրկելու մասին, բայց ուրիշ ցուցակի: Ռուսներն էլ իրենց հերթին հեգնում են, թե ամենայն հավանականությամբ գիտաժողովի ժամանակ Հայդենը հանդես է ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող նպատակային սպանությունների պաշտպանությամբ, և դա նույնպես կատակ է եղել: Նշենք, որ ԵԽ Անդրեյ Սախարովի անվան` մարդու իրավունքների պաշտպանության համար տրվող մրցանակի մյուս հավակնորդներից են ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար, ազատազրկման մեջ գտնվող Միխայիլ Խոդորկովսկին, Թուրքիայից` իրավապաշտպան Էրդեմ Գյունդուզը, եթովպացի ընդդիմադիր լրագրողներ Ռեյոտա Ալեմուն և Էսկինդեր Նեգան, ինչպես նաև CNN-ի Ending Modern-Day Slavery հեռուստանախագիծը, որը պատմում է ժամանակակից ստրկության ձևերի և մարդկանց վաճառքի մասին: Ինչ վերաբերում է Էդվարդ Սնոուդենին, նա ժամանակավոր ապաստանի իրավունք է ստացել ՌԴ իշխանությունների կողմից և այժմ զբաղված է ռուսերենի ուսումնասիրմամբ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ