Հեռուստացույցով լսեցի Եվրախորհրդում Զ. Փոստանջյանի հարցը՝ ուղղված երկրի նախագահ Ս. Սարգսյանին, իսկ հաջորդ օրը թերթում կարդացի հարցն ամբողջովին:
Անկեղծորեն, որպես երկրի քաղաքացի ես ինձ վատ զգացի, որ նման հոգեկան կերտվածքով մարդը կարող է Եվրախորհրդարանում ներկայացնել մեր երկիրը, որտեղ պետք է բարձրացվեն հարցեր՝ ուղղված մեր երկրի հեղինակությունը Եվրոպայում բարձրացնելու, արտաքին քաղաքականության բնագավառում երկրի առջև ծառացած խնդիրներին միջազգային կառույցների օգնությամբ լուծում տալու:
Այս մտածմունքներով ցանկանում էի գտնել պատասխան, թե ինչպես կարող է նման մարդը դառնալ պատգամավոր, ընդգրկվել միջազգային պատվիրակության կազմում: Ինձ հուզող հարցի պատասխանը ստանալու համար ինձ օգնեց մեծ գրող Վիլյամ Սարոյանի պատասխանը մեր հայրենակիցների կողմից մի հարցադրման վերաբերյալ։ Պատասխանը հետևյալն է եղել. «Եթե մենք ազգ ենք, ապա ազգում կլինեն և պոռնիկներ, և գողեր, և մարդասպաններ, բոլոր ազգերի մեջ նման մարդկանց թիվը կազմում է որոշ տոկոս, մեկի մոտ՝ շատ, մեկի մոտ՝ քիչ»:
Իմ կարծիքով, մեզ մոտ այդ տոկոսը մի փոքր բարձր է, և հնարավոր է, որ նման մարդիկ հայտնվեն ընտրովի և նշանակովի պաշտոններում:
Այս դեպքը դրանցից մեկն է:
Այնպես որ պետք չէ շատ ցավագին ընդունել, որովհետև ոչ մի ազգ երաշխավորված չէ Վ. Սարոյանի նշած տոկոսի մաս կազմող մարդկանց վարքագծից:
Մ. Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության
ֆակուլտետի դեկան