Հոկտեմբերի 7-8-ը ինդոնեզական Բալի կղզում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպումներ կունենա Չինաստանի, Ճապոնիայի և Ինդոնեզիայի ղեկավարների հետ: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաղորդել է, որ ծրագրված է հանգամանալից քննարկում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: «Ավանդույթ է դարձել, որ չինացի գործընկերների հետ անգամ այս կարգի հանդիպումները անցնում են շատ հիմնավոր օրակարգով` և երկկողմանի համագործակցության հարցեր մի շարք ուղղություններով, և համագործակցություն միջազգային ասպարեզում: Վերստին ավանդույթի համաձայն` այս հանդիպումներին բավականի երկար ժամանակ է հատկացվում` համարյա մեկ ժամ, որ ինքնին խոսուն է»,-ասել է Ուշակովը: Բալիում Պուտինն ու Ցզինպինը կքննարկեն գլոբալ ու տարածաշրջանային հրատապ հարցեր, երկկողմ համագործակցության խնդիրներ, նախատեսվում է համակարգել միջազգային ասպարեզում երկու երկրների գործողությունները, նախևառաջ Սիրիայի հարցում, Իրանի միջուկային ծրագրի, Կորեական թերակղզու: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման առանցքում կլինեն առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերը: 2012-ին երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 31,2 միլիարդ դոլար: Սեպտեմբերին Պուտինն ու Աբեն պայմանավորվել էին երկու երկրների միջև հիմնական խնդրի` խաղաղության պայմանագրի հարցի լուծման շուրջ` չկա ոչ հաղթող, ոչ պարտվող սկզբունքով: Կարևոր է համարվում և ՌԴ նախագահի հանդիպումը Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոյի հետ: Գագաթաժողովի կենտրոնական հանդիպումը պիտի լիներ Պուտին-Օբամա քննարկումը, սակայն ԱՄՆ նախագահը, երկրում բյուջետային ճգնաժամի պատճառով, հրաժարվել է բոլոր այցերից և զբաղվում է Կոնգրեսի հետ տարաձայնությունների հաղթահարմամբ: