Ռուսաստանը գլուխը կորցրել է վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ: Արդեն մի քանի հակամարտություններ են առաջացել` ռուս-լիտվական, ռուս-ուկրաինական, ռուս-վրացական, ռուս-մոլդովական: Ռուսները մեկ մոլդովական գինին են որակազրկում ու հետո խոստանում այն կարճ ժամանակով շուկա վերադարձնել, մեկ` լիտվական կաթնամթերքն են խոտանում, մեկ էլ չեղյալ համարում փոխադարձ պայմանավորվածությունը վրացական գինիների ներկրման վերբերյալ` ասելով, թե դրանք, այնուամենայնիվ, անորակ են: Այսօր «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոն հայտարարել է, թե ռուսական շուկա չի մտնի վրացական գինիների 28 տեսակ: Վերջին շաբաթ իրականացված փորձագիտության արդյունքում խոտանվել է «Имеди -96», «Шухман Wines Georgia», «Братья Асканели», «Ахалшени-2005» և այլ ընկերությունների արտադրանքը: Օնիշչենկոն կասկած է հայտնել վրացիների հետ երկարատև կայուն և քաղաքակիրթ հարաբերություններ ստեղծելու հնարավորության վերաբերյալ: Նկատի ունենալով ռուս մասնագետների կողմից որակազրկված վրացական գինին, Օնիշչենկոն նկատել է, թե երևում է վրացիները հակված չեն կայուն գործընկերային հարաբերությունների:
Այսօր Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է տաս օր առաջ ռուսական բանկերի կողմից Ուկրաինային տրամադրված 750 մլն դոլարի և «Գազպրոմի»` ուկրաինացիներին արած զեղչերի մասին: Պուտինը նաև հայտարարել է, թե խելամիտ չէ վիզային ռեժիմ ներդնել ԱՊՀ երկրների համար. «Վիզային ռեժիմը կարող է նշանակել, որ մենք վանում ենք նախկին ԽՍՀՄ երկրներին: Պետք է ոչ թե վանել, այլ մոտեցնել: Մենք պետք այդ պրոցեսը իրականացնենք քաղաքակիրթ ձևով»: Նկատենք սակայն, որ ռուսների` ԱՊՀ երկրներն իրենց մոտեցնելու գործողությունները հաճախ անցնում են քաղաքակրթության սահմանները:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ