«Մենք թույլ չենք տա, որ մեկ գրամ ուրան անգամ լքի մեր հողը»,-ասել է Իրանի արտգործնախարար Աբաս Արակչին: Թեհրանը այսպիսով մերժում է արևմտյան երկրների պահանջը` դադարեցնել ուրանի հարստացումը, կրճատել պահուստները 20 տոկոսով և դրանց մի մասը ուղարկել արտերկիր: Իրանի արտգործնախարարի` կիրակի օրն արված հայտարարությունից պարզվում է, որ Իրանից հարստացված ուրանի դուրս բերման պահանջը Թեհրանի համար քննարկման հարց չէ: Չնայած հայտարարության իմպերատիվ երանգներին, Արակչին նշել է, թե Իրանը պատրաստ է բանակցելու ուրանի հարստացման ձևի և աստիճանի շուրջ: Հատկանշական է, որ Աբաս Արակչիի հայտարարությունը հնչել է Իրանի ղեկավարության և իրանական միջուկային ծրագրի բանագնացների` Ժնևում տեղի ունենալիք հանդիպման նախօրեին: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այս առիթով ասել է, թե դիվանագետների համար հնարավորությունների պատուհան է բացվել: «Բայց ես ուզում եմ իմանաք, որ մեր աչքերը նույնպես բաց են: Խոսքին պետք է հետևի գործը»,- զգուշացրել է Քերրին:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ