Սիրիայում հերթական պայթյունն է տեղի ունեցել: Հարավային Դերա գավառում ականապատված ավտոմեքենան պայթել է կառավարական զորքերի գումարտակից ոչ հեռու: Զոհվել է ավելի քան 21 խաղաղ բնակիչ, որից չորսը` երեխա, վեցը` կին: Նույնքան մարդ զոհվել էր երկուշաբթի, երկրի հյուսիսում տեղի ունեցած պայթյունից: 2011-ի մարտին Սիրիայում սկսված հակամարտությունից մինչ այսօր ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է ավելի քան 100 հազար մարդ, իսկ քաղաքացիական պատերազմի վերջը առայժմ չի երևում: Դեռևս դրական տեղաշարժ չկա ՄԱԿ-ի` Սիրիայի վերաբերյալ ընդունած բանաձևի իրականացման առումով: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բանաձևի ընդունումից հետո հայտարարել էր, թե պատրաստ է ընդդիմության հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել միայն ընդդիմության կողմից զենքը վայր դնելուց հետո: Ելնելով վերջին օրերին երկրում տեղի ունեցող արյունալի իրադարձություններից, կարելի է ասել, որ եթե ոչ ողջ ընդդիմությունը, ապա նրա որոշ մասը մտադիր չէ հրաժարվել ռազմական հակամարտությունից: Երեկ Սիրիայի փոխվարչապետ, չափավոր ընդդիմությունը ներկացնող Կադրի Ջամիլը, ով ընդդիմադիր «Ժողովրդական ճակատի» ղեկավարն է, ասել է, թե ընդդիմության մեծ մասը կողմ է իշխանության հետ բանակցելուն և պատրաստ է մասնակցել «Ժնև -2» գիտաժողովին:
«Ես հստակ կարող եմ ասել, որ ողջ ներքին հայրենասիրական ընդդիմությունը կգնա բանակցությունների «Ժնև- 2»: Ինչ վերաբերում է արտաքին ընդդիմությանը, այնտեղ լուրջ պառակտում կա: Կան մարդիկ, ովքեր կգնան, կան մարդիկ, որ չեն գնա: Բայց ես կասեի, որ ընդդիմության մեծամասնությունը հանդես է գալիս ռեժիմի հետ բանակցությունների օգտին` ճգնաժամից դուրս գալու ելքը գտնելու համար», -ասել է Ջամիլը: Նա նշել է, թե Սիրիայի խաղաղ կարգավորման գործընթացը անհրաժեշտ է հնարավորինս շուտ սկսել, նույնիսկ եթե ոչ բոլոր ընդդիմադիր խմբերն են համաձայն մասնակցելու «Ժնև- 2»-ին: Փոխվարչապետը կարծում է, որ Սիրիայում անհրաժեշտ են ժողովրդավարական ընտրություններ, որպեսզի ժողովուրդը հնարավորություն ունենա որոշելու, թե ում կողքին է ցանկանում լինել:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ