Ադրբեջանը նոտա է, որ ուղարկում է Ռուսաստանին: Երաժշտական չէ, քաղաքական, որն իր մեջ պետական վերաբերմունքի հնչյուններ է պարունակում ի պաշտպանություն սեփական քաղաքացու իրավունքների: Այս երկրորդով Ադրբեջանը պնդում է առաջինի պահանջները` ապահովել պայմաններ ադրբեջանական դիվանագետների և Օրհան Զեյնալովի հետ հանդիպման համար: Ադբեջանցիները մեծ աղմուկ բարձրացրին, հայտարարելով, թե Զեյնալովին ձերբակալելիս նրա նկատմամբ անհամարժեք ուժ է կիրառվել և ոստիկանները նրան ակնհայտ արժանապատվությունը ոտնահարող վերաբերմունքի են արժանացրել: Հիշեցնենք, որ Զեյնալովը կալանավորված է օրերս Մոսկվայի Բիրյուլևո շրջանում Եգոր Շչերբակովի սպանության կասկածանքով: Կասկածը հաստատվելու դեպքում Զեյնալովին սպառնում է ցմահ ազատազրկում: Այս դեպքը ինչ-որ առումով հիշեցնում է ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ կատարված միջադեպը, երբ Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մարդիկ զոհվեցին: Այն ժամանակ հայկական կողմը գործում էր բավական զգուշավոր, որը ավելի շատ նման էր չգործելու: Հրաչյա Հարությունյանի նկատմամբ իրականացված ստորացուցիչ վերաբերմունքը մեր պետական արձագանքին չարժանացավ: Ավելին` տպավորություն էր, թե Հայաստանի իշխանությունները խոնարհաբար լսում էին այն լուտանքները, որոնք թափվում էին ռուսական կողմից` Հրաչյա Հարությունյանի անձի և նրա ազգային պատկանելիության վերաբերյալ: Ադրբեջանը պաշտպանում է մեկին, ով կասկածվում է սպանության մեջ: Հնարավոր է` դիտավորյալ սպանության: Հրաչյա Հարությունյանը ավտովթարի հեղինակ դարձավ պատահականորեն: Նույնիսկ իրավիճակային դետալների առումով Հայաստանը ավելի արժանապատիվ դիրքերում էր, քան այս պահին` Ադրբեջանը: Բայց երկու դեպքում էլ խոսքը մարդու իրավունքների մասին է, որոնք կարող է և պարտավոր է պաշտպանել առաջին հերթին նրա հայրենիքը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ