Ուկրաինայի նախագահի աշխատակազմի կողմից մշակվում է օրենքի նախագիծ, որը երկրի օրենսդիր մարմնին հնարավորություն կտա քվեարկելու Յուլիա Տիմոշենկոյին արտասահման բուժման ուղարկելու օգտին: Օրենքը, սակայն, ներառում է մի կետ, որի համաձայն նախկին վարչապետը արտասահմանում գտնվելու ժամանակը պետք է օգտագործի միմիայն բուժման նպատակով: Այս կետի ապահովումը պետք է երաշխավորի ընդունող երկիրը, Տիմոշենկոյի պարագայում` Գերմանիան: Սա նշանակում է, որ Ուկրաինայի նախկին վարչապետը, ով ազատազրկման վայրը ժամանակավոր կլքի առողջական վիճակի պատճառով, Գերմանիայում անցկացնելիք ժամանակը պետք է տրամադրի միմիայն իր բուժմանը և ոչ թե հարցազրույցներին ու ասուլիսներին:
Օրենքի նախագիծը կտարածվի բոլոր ազատազրկվածների վրա, ովքեր բուժման կարիք ունեն, սակայն չեն կարող այն ստանալ ազատազրկման վայրերում: Դատապարտյալը կազատվի կալանքից դատարանի որոշմամբ բուժման արձակուրդ ստանալու պահից, և վճռի իրականացումը նրա նկատմամբ որոշակի ժամանակով կընդհատվի: Այսինքն` Յուլիա Տիմոշենկոն չի կարող խուսափել դատարանի վճռով իր պատիժը կրելուց և կվերադառնա քրեակատարողական հիմնարկ բուժումից անմիջապես հետո: Օրենքի նախագիծը այժմ փորձագիտական ուսումնասիրության փուլում է, որից հետո կդրվի Գերագույն Ռադայի քվեարկությանը: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ասել էր, թե խորհրդարանի կողմից ընդունվելուց հետո, ինքը կհաստատի այն:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ