Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին: Լյուքսեմբուրգում տեղի ունեցող ԵՄ արտգործնախարարների նիստի շրջանակներում «Ուկրաինայի բարեկամների խմբի» հանդիպման ժամանակ Սիկորսկին ասել է, թե այս պահի դրությամբ ԵՄ երեք երկներ տրամադրված չեն հավանության արժանացնելու Ուկրաինայի` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հարցը առանց Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հարցի լուծման: Այդ երկրներն են` Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան և Շվեդիան: Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը իր հերթին հայտարարել է, թե Գերմանիայում բուժման կուրս անցնելու համար Տիմոշենկոյին տրվող «արձակուրդը» չի կարող հարցի լուծում համարվել առանց նրան ներում շնորհելու: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն էլ ընդգծել է, թե խոսքը ոչ թե կոնկրետ Տիմոշենկոյի մասին է, այլ ընդհանրապես Ուկրաինայում ընտրողական արդարադատության: Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսն էլ Ուկրաինային կոչ է արել լրացուցիչ ջանքեր ներդնել համաձայնագրի ստորագրմանն առնչվող պայմանների կատարման համար: Ֆաբիուսը ասել է, որ իր երկիրը աջակցում է Ուկրաինային այդ հարցում: Դանիայի արտգործնախարար Վիլլի Սովնդալը նույնպես անդրադարձել է Տիմոշենկոյի հարցին` ասելով. «Այստեղ խոսվում է վատ սովորության մասին, երբ մարդը, ով մինչ այդ եղել է իշխանության մեջ, բանտ է ուղարկվում: Դա այն ճանապարհը չէ, որով սովորաբար առաջնորդվում է ժողովրդավարությունը, երբ ավարտվում են ընտրությունները»:
Լյուքսեմբուրգում այսօր հնչած հայտարարություններից երևում է, որ Ուկրաինան երկու կրակի միջև է հայտնվել: Մի կողմից Ռուսաստանն է ճնշում իր տնտեսական սանկցիաներով, մյուս կողմից ԵՄ-ն պահանջում է ներում շնորհել Յուլիա Տիմոշենկոյին: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պետք է ընտրություն կատարի իր սկզբունքների և սկզբունքների միջև: Ասենք, որ Ուկրաինայի` եվրոպական ընտանիք մտնելու ԵՄ վերջնական որոշումը կընդունվի նոյեմբերի 18-ին, որից հետո Ուկրաինան հնարավորություն կունենա նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում տեղի ունենալիք գագաթնաժողովում ստորագրելու համաձայնագիրը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ