Նախօրեին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իր ցանկությունն է տեսնել ազատ Վրաստան, իսկ Ռուսաստանի նախագահին նա մայր չի հայհոյել: Այս մասին տեղեկացնում է Грузия Online կայքը: Սաակաշվիլին ասել է, թե ինքը Վրաստանում ցանկանում է տեսնել ինքնակառավարվող հասարակություն, իսկ վարչապետ Իվանիշվիլին ցանկանում է ինքը կառավարել հասարակությանը: «Ինչպես Պուտինի համար անընդունելի են իմ հայացքները, այնպես էլ Իվանիշվիլին դրանց երբեք չի համաձայնի: Ես երբեք չեմ հայհոյել Պուտինին, ես ցանկացել և ուզում եմ ազատ Վրաստան: Ես հավատում եմ Վրաստանի ազատությանը և ապագային»: Սաակաշվիլին ասել է, թե սկսված պայքարը կշարունակվի և ընտրություններից հետո. «Ամեն ինչ առջևում է: Մենք այս պայքարում անպայման կհաղթենք, ես վստահ եմ»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Վրաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Միխեիլ Սաակաշվիլիի` «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից նախագահի թեկնածու է առաջադրված Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ (2008-2012թթ.) Դավիթ Բաքրաձեն:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ