Грузия Online-ը հաղորդում է, որ երեկ Ախալքալաքում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու և «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք շարժման ղեկավար Վահագն Չախալյանի միջև, այսպես ասած, լեզվակռիվ է տեղի ունեցել: Չախալյանը մի քանի հոգու հետ Սաակաշվիլու` տեղի բնակչության հանդիպման ժամանակ կշտամբել է Վրաստանի նախագահին: Երբ Սաակաշվիլին եկեղեցի է մտել, Չախալյանը հայտարարել է, թե ժողովդրավարական երկրին չի համապատասխանում հայկական պայթեցված եկեղեցու փաստը: Նա դժգոհություն է հայտնել, որ Ջավախքի դպրոցներում այլևս հայ գրականություն չի դասավանդվում և ասել է, թե Սաակաշվիլին պետք կանգնի դատարանի առաջ: Կայքի հաղորդմամբ` Սաակաշվիլին ասել է, թե հենց Չախալյանը և նրա ընկերներն են ոչնչացրել վրացական եկեղեցիները, խուլիգանություն արել Ախալքալաքի ուսումնարանում: «Բանտից դուրս եկած Չախալյա՞նը պետք է ինձ դատի: Ես մտադիր չեմ լսել բարոյականության մասին նման մարդկանցից: Ես Ախալքալաքում արել եմ այն, ինչը ծայրահեղականներին զրկել է հենարանից այս շրջանում: Կառուցվել է գլխավոր երկաթուղին, որով գնում եք Թիֆլիս, այցելում եք առողջարաններ: Այստեղ մտել է գյուղատնտեսական տեխնիկա, անցկացվել է գազ, լույս և հանված է ռուսական բազան: Դու նստել ես վեց հոդվածով և մեծ սխալ է թույլ տվել նա, ով քեզ ազատել է բանտից»: Ասվում է, որ Չախալյանը դրանից հետո գոռացել է. «Միշա, ուղևորվիր Թուրքիա» և հեռացել:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ