Երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույց է ունեցել վերջինիս նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են Սիրիայի խաղաղ կարգավորման վերաբերյալ միջազգային գիտաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը արդեն տևական ժամանակ համատեղ քննարկումներ են անցկացնում Սիրիայի վերաբերյալ և ահա առջևում «Ժնեև-2» գիտաժողովն է: Ժնևյան այս հանդիպումը կողմերին հույս է ներշնչում, որ հակամարտության խաղաղ կարգավորման համար վերջապես կգտնվեն լուծումներ: Երեկ Սերգեյ Լավրովը Սիրիայի իրավիճակը քննարկել է նաև Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ: Երկու արտգործնախարարների համատեղ զրույցի ընթացքում խոսվել է նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային խնդիրների մասին: Նկատենք, որ արդեն տևական ժամանակ քննարկվող Սիրիայի հարցում դեռևս դրական տեղաշարժ չկա: Մինչ Արևմուտքը փորձում է ողջ մեղքը բարդել Բաշար Ասադի իշխանության վրա, իսկ Ռուսաստանը մեկ տարուց ավելի ձգվող հակամարտության մեջ մեղադրում է ընդդիմադիրներին, Սիրիայում ամեն օր խաղաղ բնակիչներ են զոհվում: Տպավորություն է, թե աշխարհին իրականում չեն հետաքրքրում այդ զոհերը: Նրանք ավելի կարևոր հարց ունեն` սեփական շահը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ