20 օրվա ընթացքում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի նոր նախագահի անունը, նախնական տվյալներով հաղթել է «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Նրա օգտին է քվեարկել ընտրազանգվածի 66.7%-ը: Երկրորդ տեղում նախկին իշխող կուսակցությունից Սահակաշվիլիի թիմակից Դավիդ Բաքրաձեն է՝ 17.1% ձայներով: Եռյակը եզրափակում է խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն՝ 7.5% արդյունքով: Դավիդ Բաքրաձեն արդեն շնորհավորել է Գեորգի Մարգվելաշվիլիին, իսկ Նինո Բուրջանաձեն պնդում է ընտրախախտումների մասին:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրությանը կարող էին մասնակցել 3 մլն 537 հազար ընտրող։ Ընտրություններին պաշտոնապես գրանցված էին 23 թեկնածու։ Համաձայն երկրի Ընտրական օրենսգրքի՝ նախագահական ընտրությունները կայացած կհամարվեն անկախ մասնակիցների թվից։ Կհաղթի այն թեկնածուն, ով կստանա ընտրողների կեսից ավելիի քվեները։