ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը հերքել է տեղեկությունը, թե ԱԱԳ-ը ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հարցը: Համաձայն գերմանական Der Spiegel պարբերականի հրապարակումների, ամերիկյան հատուկ ծառայությունները Մերկելի հեռախոսը գաղտնալսում են 2002 -ից, իսկ Օբաման դրա մասին տեղյակ է 2010-ից: ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումների հիման վրա հրապարակված տեղեկություններով գեներալ Քեթ Ալեքսանդերը անձամբ Օբամային հաղորդել է այդ մասին, սակայն Օբաման չի կանգնեցրել պրոցեսը, նա ցանկացել է հնարավորիս շատ բան իմանալ Մերկելի մասին, քանի որ նրան «չի վստահել»: ԱՄՆ ԱԱԳ-ի հայտարարության մեջ ասվում է. թե ԶԼՄ-ների այդ հաղորդումները իրականությանը չեն համապատասխանում: Ուշագրավ է, որ պաշտոնական Վաշինգտոնը խուսափում է ուղիղ պատասխանից` տարածված լուրերը որակելով միայն «իրականությանը չհամապատասխանող»: Ըստ Սնոուդենի փաստաթղթերի Գերմանիայում գործում է ինֆորմացիա հավաքագրելու, ավելի ճիշտ`որսալու հատուկ բաժին, և նման ծրագիր իրականացվում է աշխարհի 80 երկրներում: Այսօր իսպանական ԶԼՄ-ները հրապարակել են սնոուդենյան հերթական բացահայտումը: Անցած տարվա դեկտեմբերին ամերիկյան հատուկ ծառայությունները հետևել են ավելի քան 60 մլն հեռախոսազանգերի: Հաղորդվել է, որ ԱՄՆ ԱԱԳ-ն հավաքել է տեղեկություններ հեռախոսահամարների, դրանց բաժանորդների գտնվելու վայրի, հեռախոսազանգի տևողության վերաբերյալ, սակայն չի հետևել խոսակցությունների բովանդակությանը: Իսպանիայում ԱՄՆ-ի դեսպանը հրավիրվել է երկրի արտգործնախարարություն՝ բացատրություն տալու: Ավելի վաղ Գերմանիան և Ֆրանսիան հայտարարել էին, որ պետք է հասնեն նրան, որպեսզի ստորագրվի համաձայնագիր փոխադարձ լրտեսությունից հրաժարման վերաբերյալ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ