Ֆրանսիական RFI ռադիոկայանի լրագրողներ Ժիսլեն Դյուպոնը և Կլոդ Վերլոնը առևանգվել և սպանվել են աֆրիկյան Մալի պետության հյուսիսում: Նրանք մեկնել էին լուսաբանելու իրավիճակը երկրի հյուսիսում, որը շարունակում է լարված մնալ նույնիսկ ամռանը Մալիում կայացած նախագահական ընտրություններից հետո: Ֆրանսիացի լրագրողները Քիդալում հարցազրույց են վերցրել ազգային-ազատագրական «Ազավադ» շարժման ներկայացուցչից` Ամբերի Ագ Ռիսսայից: Վերջինիս տնից դուրս գալուց անմիջապես հետո նրանք առևանգվել են: Ագ Ռիսսան RFI-ին պատմել է, թե ինչպես է լրագրողների դուրս գալուց հետո լսվող բարձր ձայներից դուրս է եկել տնից և տեսել զինված մարդկանց: Նրան հրամայել են անմիջապես տուն վերադառնալ: Լրագրողներին առևանգողներին հետապնդել է տեղի պարեկային ծառայությունը, օդ է հանվել նաև երկու ուղղաթիռ: Քիչ անց լրագրողներին գտել են գնդակահարված, նրանց մարմինները ամբողջովին ծածկված են եղել փամփուշտների հետքերով: Ամեն տարի աշխարհի տարբեր մասերում լրագրողներ են սպանվում: Նրանք սպանվում են իրենք մասնագիտական պարտքը կատարելու պատճառով` թե պատերազմների ժամանակ, թե կոռուպցիայի և քրեական աշխարհի բացահայտումների համար: Լրագրողները լռեցվում են, քանի որ նրանք են ճշմարտության մունետիկները: Նշենք, որ ըստ ամերիկյան «Լրագրողների պաշտպանության հանձնաժողովի» տվյալների 2012-ին աշխարհում սպանվել է 70 և ձերբակալվել 330 լրագրող:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ