ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ռուսաստանը չի կարող միաժամանակ խաղաղության քարոզ անել ու պատերազմական սպառնալիքներ հնչեցնել

Ռուսաստանը չի կարող միաժամանակ խաղաղության քարոզ անել ու պատերազմական սպառնալիքներ հնչեցնել
15.11.2013 | 13:40

«Եթե Մոսկվան հուսով է, որ Կովկասում կայուն իրավիճակը կպահպանվի մինչ փետրվարին Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերը, ապա ռուս զինվորականներն այդպես չեն կարծում»,-գրել է euobserver.com կայքի հոդվածագիր Ալեքսանդրոս Փեթերսենը: Հեղինակը հիշեցնում է, որ ՌԴ պաշտպանության նախարարության «Красная звезда» թերթի հետ զրույցում Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է ներքաշվել Ղարաբաղյան հակամարտության մեջ, եթե Ադրբեջանը որոշի ուժի կիրառմամբ վերականգնել վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ:
Նա նշում է. «Բոլորին հայտնի գաղտնիք է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Ռուսաստանն ակտիվ մասնակից է, որը միևնույն ժամանակ զենք է վաճառում հակամարտող կողմերին, ինչի արդյունքում պաշտոնական Մոսկվան պահպանում է Երևանի և Բաքվի վրա ազդելու իր լծակները»:
«Չնայած Ռուսաստանի ու Հայաստանի ղեկավարները մտերիմ հարաբերությունների մեջ են, այնուհանդերձ Մոսկվան հասկանում է, որ պետք է մտերմանա նաև Ադրբեջանի հետ` հաշվի առնելով այդ երկրի էներգետիկ հարստությունը»,- շարունակում է Փեթերսենը:
Հեղինակը նկատում է, որ գնդապետ Ռուզինսկու հայտարարությունը շատ նման է 2008 թ. Վրաստանի հետ կարճատև պատերազմից առաջ ռուսական կողմի հնչեցրած սպառնալիքներին: «Սակայն իրականում Ռուսաստանը շատ ավելի լավ է պատրաստված ԼՂ հակամարտության բորբոքմանը, քան Աբխազիան ու Հարավային Օսիան գրավելու ժամանակ էր: Գյումրիի ռուսական ռազմաբազան 5 հազար զինվոր ունի, ովքեր զինված են տանկերով, հրետանիով, ուղղաթիռներով, «ՄիԳ-29» ինքնաթիռներով, «Իսկենդեր-Մ» տակտիկական բալիստիկ հրթիռներով»,- գրում է նա:
Եթե Վրաստանի հետ պատերազմի պարագայում Ռուսաստանը ստիպված էր անհեթեթ դրդապատճառներ առաջ քաշել ռազմական գործողություններն արդարացնելու համար, Լեռնային Ղարաբաղի պարագայում Մոսկվան կարող է գործի անցնել` հիմնվելով Հայաստանի հետ փոխադարձ պաշտպանական պակտի ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ունեցած պարտավորությունների վրա: «Եվ անգամ միջազգային հանրության աչքում հակամարտության ժամանակ Հայաստանին պաշտպանող Ռուսաստանի գործողությունները շատ ավելի օրինական կերևան, քան Վրաստանի հետ պատերազմի ժամանակ էր»,- շարունակում է Փեթերսենը: Նրա կարծիքով` «Ռուսաստանի ակնհայտ մտադրությունը ղարաբաղյան հակամարտության վերսկսման վերաբերյալ լուրջ հարց է առաջ քաշում այդ երկրի` ԵԱՀԿ Մինսկի խմբում ունեցած դերի առնչությամբ»:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությանը ծանոթ մարդիկ քաջ գիտակցում են, որ Ռուսաստանը սոսկ միջնորդ չէ, այլև հակամարտության մաս: Սակայն մինչ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ձևացրել են, թե Մոսկվան այս հարցում օբյեկտիվ է: Բայց գնդապետ Ռուզինսկու հայտարարությունը բարդացնում է ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահների ընտրած մարտավարությունը, որը կայանում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մեջ»,- նշում է հեղինակը, եզրակացնելով, որ Ռուսաստանը չի կարող միաժամանակ խաղաղության քարոզ անել ու պատերազմական սպառնալիքներ հնչեցնել:

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ