Այսօր Ժնևում կմեկնարկի Իրան - «վեցնյակ» բանակցությունների հերթական հանդիպումը: Նախօրեին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ հույս են ներշնչում, որ կողմերը ի վերջո համաձայնության կգան Իրանի միջուկային ծրագրի հետագա ընթացքի շուրջ: Այսպես, երեկ Իրանի նախագահ Հասան Ռուհանին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը հեռախոսազրույց են ունեցել տասը տարվա ընթացքում սառեցված հարաբերություններից հետո: Ըստ արտասահմանյան կայքերի հրապարակումների, նրանք քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները, ինչպես նաև անդրադարձ է եղել երկու երկրների հարաբերություններին: Երեկ նաև տեղի է ունեցել հանդիպում Իրանի և Իտալիայի արտգործնախարարների միջև, որի ընթացքում Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, թե Իրանը մտադիր է կոնկրետ համաձայնագիր կնքել վեցնյակի հետ: «Ես կարծում եմ, որ Ժնևում բանակցությունների հաջող ելքի համար շանսեր կան»,-հայտարարել է Իրանի արտգործնախարարը: Զարիֆի գնահատմամբ, բանակցությունները հասել են այնտեղ, որ հնարավոր է դարձել համաձայնագրի կնքումը: Այսօր կայանալիք բանակցություններին առիթով իր վերաբերմունքն է արտահայտել նաև ԱՄՆ նախագահը, ով ԱՄՆ սենատորներին կոչ է արել ձեռնպահ մնալ Իրանի նկատմամբ նոր սանկցիաների կիրառման քննարկումից: Բարաք Օբամայի կարծիքով Իրանին պետք է ժամանակ տրվի բանակցությունները ավարտին հասցնելու համար, հակառակ դեպքում Իրանը կշարունակի ուրանի հարստացման գործընթացը: Նշենք նաև, որ երեկ պայթյուն է տեղի ունեցել Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ, որի արդյունքում զոհվել է 25 մարդ` այդ թվում դեսպանատան մեկ աշխատակից և վիրավորվել 150 մարդ: Իրանը այս ահաբեկչական գործողության մեջ մեղադրել է Իսրայելին, որը Արևմուտքին բազմիցս կոչ է արել չհավատալ Իրանի` միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու պատրաստակամության խոստումներին և ուժեղացնել ճնշումը նրա նկատմամբ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ