Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ջեֆրի Ռոբերտսոնի Հայոց ցեղասպանության մասին գրքի շնորհանդեսը

Ջեֆրի Ռոբերտսոնի Հայոց ցեղասպանության մասին գրքի շնորհանդեսը
20.04.2015 | 14:31

Լոնդոնի Բրիտանական ակադեմիայում, դեսպան Արմեն Սարգսյանի հովանավորությամբ, ապրիլի 15-ին կազմակերպվել էր մարդու իրավունքների պաշտպան, հանրաճանաչ իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնի «Մի անհարմար ցեղասպանություն. ո՞վ է այժմ հիշում հայերին» («An Inconvenent Genocide. Who now Remembers the Armenians») գրքի շնորհանդեսը, որը Մեծ Բրիտանիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող կարևոր միջոցառումներից է: Ներկա էին Լոնդոնում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, բրիտանահայ համայնքային կառույցների ղեկավարներ, լրագրողներ։ Արմեն Սարգսյանը ներկայացնելով գրքի հեղինակին՝ նշեց պարոն Ռոբերտսոնի երկար տարիների նվիրվածությունը Հայոց ցեղասպանության խնդրին, որի արդյունքն է միջազգային հանրության ուշադրությանը ներկայացվող կարևոր գիրքը: Այնուհետև ելույթ ունեցավ հեղինակը, անդրադարձավ գրքի ստեղծման դրդապատճառներին և նպատակին՝ իրավական գետնի վրա մասնագիտական գնահատական տալով Հայոց ցեղասպանությանը: Ելույթից հետո հեղինակը պատասխանեց ներկաների հարցերին: Գիրքը հրատարակվել է Հայ դատի բրիտանական մասնաճյուղի հովանավորությամբ ու Ատոմ և Սելա Թնջուկյանների նվիրատվությամբ:

Դիտվել է՝ 1516

Մեկնաբանություններ