Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հայերի և նրանց էության մասին

Հայերի և նրանց էության մասին
10.07.2015 | 10:43

Ներքոբերյալ փաստաթուղթն ինձ հանգիստ չի տալիս արդեն երկար տարիներ: Առաջին անգամ դրան անդրադարձել եմ 2003-ին իմ «10 կապիտալիստ» գրքում: Որքա՜ն քիչ բան գիտեի այն ժամանակ… Դրանից հետո ամեն անգամ, երբ որևէ նոր բան էի հայտնաբերում, կրկին գրում էի: Հիմա, երբ հնարավորինս գիտեմ և նույնիսկ այն աղբյուրների մասին, որոնք հասու չեն, որոշեցի եղածն ամփոփել:
Ո՞րն է անհրաժեշտությունը: Բոլոր հեղինակները, ովքեր երբևէ գրել են այդ մարդու մասին, թույլ են տվել անճշտություններ, սխալներ և իրարամերժություններ: Հարկ էր ամբողջը համադրել, ճշգրտել և հանգել իսկության որոշակի հանգրվանի: Ահա թե ինչու խորամուխ եղա վավերագրի ամեն մի պարբերության, նախադասության մեջ և այդ խորխորատներով մտադիր եմ ուղեկցել և քեզ, ընթերցող:

«Ձեր հոգու պատվական հատկությունները, Ձեր աննման սերն առ Հայրենիք, բազմամյա մեծագործությունների մեջ Ձեր հասուն իմաստնությունը և այն մեծամեծ ծառայությունները, որ վաղուց ի վեր մատուցել եք ազգին, այս հեռավոր երկրում փառավորում էին մեր սրտերը: Լի ջերմեռանդ հարգանոք առ Ձերդ սրբազնություն, ես վաղուց էի փափագում գրավոր արտահայտել Ձեզ իմ սրտի զգացմունքները, բայց, դժբախտաբար, մինչ օրս առիթ չէի գտնում: Այժմ Ձերդ բարձր սրբազնության գրությունն առ Հնդկաստանի հայությանը,- մի գրություն, որ հընդհանուր ուրախություն համայն ազգիս մանրամասնորեն նկարագրում է մեր սիրելի հայրենակիցների ներկայիս բախտավոր դրությունը,- կատարեց փափագս: Այդ քաղցր լուրերը մեծապես ուրախացրին մեզ. հիմա մենք մեր նախնիներից ավելի երջանիկ ենք, քանզի արժանացանք տեսնելու մեր սիրելի հայրենակիցների ազատությունը: Եվ ուրեմն, մեր սրբազան պարտավորությունն ենք համարում մեր մշտական երախտապարտության խորին զգացումը հղել առ Ռուսիո կայսեր՝ մեր հին հայրենյաց մեծահոգի ազատարարին: Հայոց ազգը երբեք չի դադարի իր ջերմ բարեմաղթանքները վերառաքել առ Աստված՝ հաղագս առողջության ու երկարակեցության բարեգործ կայսեր Նիկոլայ Մեծին, որ Արարատյան աշխարհում ազգիս խաղաղություն և ազատություն պարգևող առաջին թագավորը եղավ:
Սրբազան տեր, Ղզլարից մի գիտնական ու հարգարժան հայազգի՝ Գևորգ Մելքիսեդեկի Խուբյանց անվամբ, ինձ մի նամակ է գրել, կցելով իմ ծագումնաբանության ճյուղագրական պատմությունը, որ ինքն է կազմել: Բայց քանի որ դրա համար նա բավականաչափ տեղեկություններ չէր ունեցել, ես նրան լրացուցիչ տվյալներ ուղարկեցի՝ հարակցելով մանրամասն ու ճշգրիտ տեղեկություններ, թե նախնիներս Պարսկաստանում ու Հայաստանում ինչպիսի դիրք են գրավել և ինչ պաշտոններ վարել: Ընդսմին, պատիվ ունեմ հիշյալ տեղեկությունները ուղարկել ի տես Ձերդ բարձր սրբազնության և Ձեր միջոցով խնդրում եմ պարոն Խուբյանցից, որ նա, վավերացնելով ու տերությանը հաստատել տալով գերդաստանս, ստույգ տեղեկություններ ժողովի թե՛ հնամենի առաջնակարգ տոհմից իմ սերվելու, թե՛ նախնիներիս քաջագործությունների մասին և այդ բոլորն ինձ անհապաղ հաղորդի, քանզի եկող 1830 թվականի նոյեմբեր ամսին մտադիր եմ ապրանքներով բեռնավորված սեփական նավերովս Հոլանդիա ուղևորվել կարևոր գործերով, որ ունեմ Հոլանդիայի թագավորի հետ: Իսկ երբ գործերս վերջացնեմ և նավերս հետ ուղարկեմ Հնդկաստան, Հոլանդիայի թագավորից մի երաշխավորական նամակ վերցրած կգնամ Ռուսաստան և բախտավորություն կունենամ ներկայանալու Նորին Կայսերական Մեծությանը, ապա այդտեղից կգնամ Հայաստան, իսկ Հայաստանից՝ ուղղակի Հնդկաստան: Ահա այդպես, եթե հանգամանքները նպաստեն դիտավորություններիս, ես հնարավորություն կունենամ գոնե մասամբ մխիթարել հայրենակիցներիս, մանավանդ նրանց, ովքեր նեղության մեջ են:
Ահա այս պատճառով Ձերդ սրբազնությունից խնդրում եմ նեղություն կրել, որպեսզի վերոհիշյալ տեղեկությունները շուտափույթ կերպով հավաստվեն և ուղարկվեն Բասրա՝ իմ եղբայր Ամիրխան Հովհաննեսի Ամիրխանյանին, իսկ նա դրանք անմիջապես կհասցնի ինձ, և որովհետև կցանկանայի այդ տեղեկությունները հետս տանել Եվրոպա, կխնդրեի դրանք գրել տայիք հայոց և ռուսաց լեզուներով:
Նաև աղաչում եմ Ձեզ ինձ համառոտ տեղեկացնել՝ ինչպիսի՞ կյանք են վարում Կայսրության, Վրաստանի ու Հայաստանի հայերը, որքա՞ն են թվաքանակով և ի՞նչ դրության մեջ են: Կցանկանայի նաև իմանալ, թե Ռուսաստանն ի՞նչ մտադրություն ունի մեր ազգի վերաբերյալ, արդյո՞ք ինքը տիրապետելով պիտի կառավարի Հայաստանը, թե՞ այն պիտի դարձնի իր տերության մի առանձին անկախ մասը:
Միով բանիվ, հաղորդեցեք ինձ, թե Ռուսաց տերությունն ինչպիսի՞ դիտավորություն ունի մեր ազգի դրության մասին. այդ տեղեկություններով Դուք ինձ վերին աստիճանի կպարտավորեցնեիք: Ի վերջո, պարզապես խոստովանեմ Ձեզ, որ մտադիր եմ, եթե միայն հնարավոր լինի, դրամով գնել իմ նախնյաց երկրները, այն է՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ և կամ մի որոշակի հարկ տալ դրանց տիրելու համար, քանզի հարազատ երկրների կորուստն ինձ համար վերին աստիճանի ցավալի է:
Հավաստիացնում եմ Ձեզ, ողորմած տե՛ր, որ Աստծո ողորմածությամբ ես այստեղ ոչ մի բանի կարիք չունեմ: Վայելելով բարի համբավ և համընդհանուր հարգանք, ես բախտից պարգևատրվել եմ անչափ նշանակալի հարստությամբ: Հողատարածքներ, նավեր, շինություններ՝ ամեն ինչ լիուլի ունեմ, բայց բախտի այդ բոլոր ճոխ պարգևները տակավին ինձ չեն մխիթարում, երբ մտաբերում եմ, թե ի՜նչ վիճակի մեջ է իմ սիրելի Հայրենիքը և ինչպիսի՜ թշվառություն են կրում իմ հայրենակիցներից ոմանք: Այդ պատճառով շատ եմ փափագում ունեցածիս մի մասը տրամադրել հօգուտ և ի թեթևացում իմ հայրենակիցների դրության: Եթե մտադրություններս իրագործվեն, ապա ընտանյոք և ունեցածս գումարներով կտեղափոխվեմ Հայաստան, իսկ մնացյալ կարողությունիցս հօգուտ հայրենակիցներիս կհատկացնեմ այնքան, որ նրանք կարողանան տարեկան չորս կամ հինգ լաք ռուփի (ինչը փոխարժեքով կկազմի 500 հազար ռուբլի) եկամուտ ստանալ թե՛ կենդանությանս օրոք և թե՛ ետ իմ մահվան, քանզի միայն կալվածքս ահագին քանակությամբ շաքար ու սուրճ է տալիս, ուր մնաց մյուս տարածքներս, որոնք ամեն տարի մեծ եկամուտ են բերում: Աստծո շնորհիվ, ես այստեղ մի տիրակալ իշխանի հավասար կյանք եմ վայելում: Լոկ հայրենյաց սերն է, որ վշտացնում է ինձ: Հուսամ, թե Ամենաբարձրյալն Աստված կկատարի բարի դիտավորություններս:
Այնուամենայնիվ, ես ամեն ինչ հանձնում եմ Ձեր բարեհաճությանը, պատրաստ եմ հետևել Ձեր խորհուրդներին և կատարել այն ամենը, ինչ ինձ կհանձնարարեք»:
Սա նամակ է, որ Նիդերլանդական Հնդկաստանի՝ ներկայիս Ինդոնեզիայի Ճավա կղզու Սմարանգ նավահանգստում բնակվող ՀՈՎՍԵՓ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ գրել է 1829 թ. հոկտեմբերի 20-ին և հղել Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցուն:


Նախ, ասեմ, որ նամակի հայերեն բնագիրը չի պահպանվել, կա ռուսերեն տեքստը, որ ռուս պատմաբան Սերգեյ Գլինկան զետեղել է իր կազմած և 1833 թ. հրատարակած «Собрание актов, относящиеся к обозрению истории армянского народа, часть I, Москва» ժողովածուի 298-302 էջերում: Այդ տեքստի մի տարբերակ էլ ունեցել է թիֆլիսցի պատմաբան, բանասեր ու հնագետ Ալեքսանդր Երիցյանը, որը հայերեն թարգմանել և տպագրել է 1895 թ. հրատարակած «Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը եւ Կովկասի հայք, մասն Բ» աշխատության 507-511 էջերում: Ներողություն, բայց եթե հայերենը չի պահպանվել, և Ա. Երիցյանն իրավունք ուներ ռուսերենից թարգմանելու, ինչո՞ւ նման իրավունք ե՛ս չէի կարող ունենալ արդի հայերենով. իհարկե, ունեի, և վերոբերյալ տեքստը իմ թարգմանությունն է:
Հովսեփ Ամիրխանյանը ծնվել է 1781-ին Պարսկաստանի Փերիա գավառի Բուրվարի գյուղում, և այդ տարեթիվը կասկած չի հարուցում, թեև անվանի պատմաբան Արշակ Ալպօյաճյանը իր «Պատմութիւն հայ գաղթականութեան: Հայերի ցրուումը աշխարհի զանազան մասերը: Գ նոր դարու սկիզբէն մինչեւ Ի դարու սկիզբը» գրքում սխալմամբ նշում է. «Մեռել է 63 տարեկանում (1771-1834)»: Ինչ վերաբերում է մահվան թվականին, ապա Գևորգ Զաքարյանը 1852 թ. Կալկաթայում գրաբարով հրատարակած «Ջավա կամ ընդհանուր ծանօթութիւն բազմակղզի ծովու Արեւելեան Հնդկաց, ուր շարժի Հոլանդացւոց տէրութիւն» գրքում գրում է. «…ի 1834 ի հասակի 53 ամաց»։ Սակայն մի ստույգ աղբյուրում՝ Սմարանգում հոլանդերեն լույս տեսած Javische courant («Ճավայի բանբեր») թերթի 1835 թ. մարտի 25-ի համարում նշված է, որ Հ. Ամիրխանյանը (Joseph Johannes Amir) վախճանվել է մարտի 22-ին, 56 տարեկան հասակում (իմա՝ 56-ի մեջ է եղել)։
Հիմա, երբ պարզեցինք մեր հերոսի ծննդյան ու մահվան թվականների հետ կապված հարցը, ընթերցողի մեջ բնական հարցեր կծագեն՝ ո՞վ էր ղարաբաղցի Հովսեփ Ամիրխանյանը և ի՞նչ գործ ուներ տարաշխարհիկ Նիդերլանդական Հնդկաստանի Սմարանգ նավահանգստում: Բայց ամեն ինչ հերթով։ Նախ, հարկ է անդրադառնալ նրա նախնիներին, չէ որ հպարտանում էր Պարսկաստանում ու Հայաստանում նախնիների գրաված դիրքով ու պաշտոններով և ցանկանում էր դրամով գնել իր նախնյաց երկրները:

ՆԱԽՆԻՔԸ
Նադիր շահին (1688 կամ 1698-1747) անվանում են «Ասիայի վերջին հզոր զորավար»: Լինելով բացառիկ ռազմական տաղանդի տեր և դեռևս կոչվելով Թահմասպ Ղուլի խան, նա հաղթական պատերազմներ մղեց թուրքերի ու ռուսների դեմ: Եվ եթե հայերը որոշ չափով աջակցում էին Պյոտր Մեծին (բավական է հիշել Պետրոս դի Սարգիս Գիլանենցին ու նրա հեծյալ ջոկատը), ապա թուրքերի պարագայում նրանք բացարձակորեն սատարում էին պարսիկներին: Թահմասպ Ղուլի խանը մի շարք փայլուն հաղթանակներ տարավ ամբողջ Իրանի տարածքում, Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում, Միջին Ասիայում, Հնդկաստանում, Պարսից ծոցի ավազանում և Անդրկովկասում: 1723-1727 թթ. թուրք-պարսկական պատերազմը ծանր հարված հասցրեց Արցախում և Սյունիքում ծավալված ազատագրական պայքարին։
1734-1735 թթ. Թահմասպ Ղուլի խանի զորքերը ներխուժեցին Այսրկովկաս։ Թուրքերի դեմ պայքարում իրեն օժանդակող հայերի նկատմամբ բարյացակամությունն ընդգծելու համար խանն այցելեց Սբ. Էջմիածին և ներկա եղավ պատարագի։ Վանքի վերանորոգման համար հատկացրեց 1000 թուման, տաճարը զարդարեց 15-կիլոգրամանոց ոսկե ջահով, կարգադրեց Քերմանշահից ուղարկել ընտիր գորգեր և այլն։ 1735 թ. հրովարտակներով վերահաստատեց հայ հոգևորականության՝ նախկինում սահմանված արտոնությունները, ընդարձակեց նրանց կալվածքները։
1735 թ. հունիսի 14-ին Եղվարդ գյուղի մոտ վճռական ճակատամարտում նրա զորքերը ջախջախեցին թուրքերին։ Պարսկական բանակի կազմում թուրքերի դեմ մարտնչում էին նաև հայ զինվորներն ու աշխարհազորայինները։ Խանի բանակում էին Արևելյան Հայաստանի նշանավոր գործիչներ՝ Դիզակի մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ։ Եղվարդի ճակատամարտից հետո խանն ասպատակեց Կարսից մինչև Կարին ու Բայազետ ընկած տարածքները։ Թուրքական հրամանատարությունը համաձայնեց զորքերը դուրս բերել Երևանի, Թիֆլիսի և Գանձակի բերդերից և Անդրկովկասից։ 1736 թ. Էրզրումում Պարսկաստանի և Թուրքիայի միջև կնքվեց պայմանագիր, որով Թուրքիան ճանաչեց Պարսկաստանի տիրապետությունը Արևելյան Հայաստանում և Արևելյան Վրաստանում։
Այսպիսով Թահմասպ Ղուլի խանը վերականգնեց պարսկական սահմանները, պարսից թագիշխանությունը և 1736 թ. իրեն հռչակեց Պարսկաստանի նոր շահ՝ Նադիր շահ։
Դրանից հետո նա շարունակեց քաղցր աչքով նայել հայերին: Արցախն անջատեց Գանձակի խանությունից և դարձրեց առանձին վարչական միավոր։ Արցախի հայկական (Ջրաբերդի, Գյուլիստանի, Խաչենի, Վարանդայի, Դիզակի) մելիքությունները միավորեց Խամսայի մելիքության մեջ, որի սահմանները տարածվում էին Գանձակի հարավային շրջաններից մինչև Արաքս գետը։ Իրենց տիրապետություններն են պահպանել նաև Սյունիքի և Ղարադաղի հայկական մելիքությունները։ Արցախի մելիքները պահպանեցին իրենց բոլոր նախկին իրավունքները, յուրաքանչյուր մելիք ուներ իր զորքը:
Պարսից արքունիքում կային հայ պաշտոնյաներ, իսկ շահի հետ ջերմ հարաբերություններ ուներ Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսը, որը գրել է «Պատմագրութիւն անցիցն իւրոց և Նատր Շահին պարսից» երկը, ուր նկարագրում է Թահմազ Ղուլի խանի պատերազմները Այսրկովկասում, և որը 1736 թ. մարտի 10-ին Մուղանի դաշտում մասնակցեց Թահմազ Ղուլիին շահ թագադրելու արարողությանը։
Ի՞նչ առնչություն ունի այս ամենը Հովսեփ Ամիրխանյանի հետ: ՈՒղղակի՛…
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 29533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ