Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հովհաննես ՍԱՀԱԿՅԱՆ. 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին

Հովհաննես ՍԱՀԱԿՅԱՆ. 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին
07.12.2015 | 11:32

Սուրբ հողի տնքոց,

մարդագայլ ոռնոց,
վայ, կրակ ու բոց,
սատանի վայրկյան,
անթաղ գերեզման:
Վայ, դլե յաման...
Ժամ անպատարագ,
անլույս, անճրագ,
վա՜յ, Աստծո կրակ...
Երկինք ուղղված չանչ,
մարդկային բառաչ,
վա՜յ, Հիսուսի խաչ...
Ցավագար աչքեր,
պապանձված լեզու,
Տե'ր, մենք քեզ հլու,
բայց ինչո՞ւ, ինչո՛ւ...
Անավարտ երազ
ու կիսատ մուրազ,
վա՛յ, դարի սև խազ...
Քարի տակ ծաղիկ,
կոտրած խաղալիք,
վա՛յ, անհույս գալիք...
Անմայր երեխա,
աներեխա մայր,
ու հայր խելագար`
սևն եկած գլխին,
ջանգյուլում ասում
ու դեռ նոր հանած
վիճակն էր թաղում..
Վա՜յ, սենց էլ զուլո՞ւմ,
էդ ո՞վ էր տեսել,
որ հայրը դառնա
ջանգյուլումի հարս,
էն էլ անփեսա...
Ես տեսա, տեսա՜...

Մի կապույտ ծաղիկ
թեքվել էր քարին,
ապրել էր ուզում:

Դիտվել է՝ 12968

Մեկնաբանություններ