Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք

Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
03.02.2021 | 11:29

Պատերազմից ու պարտությունից հետո աղմուկը չի դադարում, ավելին՝ գնալով ավելի է ահագնանում է: Օրական կտրվածքով ներկա ու նախկին որևէ մի «չինովնիկ» «պատիվ է անում» խոսել ու բացահայտել ինչ-ինչ մութ կետեր, որոնց մասին, չգիտես՝ ինչպես, միայն «ինքը գիտի»:

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որ հուլիվուդյան դերասանին բնորոշ ժպիտով հայտարարում էր «նոր պատերազմ, նոր տարածքեր», այժմ խիստ հանդարտ տոնով արդարանում է, թե «անհպում պատերզմ էր, չհասցրեցինք պատրաստվել, ի՞նչ արած»: Նախկին նախարարը, որ պարտությունից հետո շուրջ երեք ամիս ընդհատակում էր, փոխանակ բացատրություն տալու, թե ի՞նչ նոր տարածքների մասին էր ակնարկում, այժմ խոսում է հարաբերություններ հարթել չկարողանալու ու երկրորդական այլ հարցերի մասին: Դավիթ Տոնոյանը, վստահ եմ, նոր տարածքների մասին խրոխտ հայտարարություններ անելիս՝ հստակ գիտեր, որ միֆի ու անիրականանալի երազանքի մասին է խոսում, քանզի, փաստացի, այժմ խոսոտվանում է՝ պաշտպանական համակարգում մի շարք, անթիվ խնդիրներ ու բացթողումներ են եղել:


Նույնպիսի հանդարտությամբ պատերազմի մասին խոսում է պատերազմի օրերին պաշտպանության նախարարության ներկայացուցիչ համարվող Արծրուն Հովհաննիսյանը, որ, ի դեպ, ժամանակակից՝ 5-րդ սերնդի պատերազմի մասին գիտական աշխատություններ ունի: «Օդային գերակայության» առաջին հատորը տպվել է 2016–ին, իսկ երկրորդ հատորը պատերազմից առաջ` օգոստոսին, գնաց տպարան։ Ցավոք, հենց իմ նկարագրածով են մեր դեմ կռվել թուրք-ադրբեջանական զորքերը։ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ևս լավ գիտեր այդ տեսակ պատերազմի նրբությունները, իմ երկրորդ հատորի վրա նա է մակագրել, բայց ինքն էլ չհասցրեց բանակը բարեփոխել այդ ուղղությամբ: Առհասարակ այս տարիներին ես տեսել եմ բացառիկ ու եզակի շատ գեներալների, միջին օղակի սպաների, որոնք այլ, առաջադեմ մտածելակերպ ունեն, բայց չհասցրինք բանակը վերափոխել, չհերիքեց ժամանակը, ռեսուրսը և այլն»,- հարցազրույցներից մեկում ասում է նա:


Վերոնշյալ երկու պաշտոնյաներն էլ մեր հասարակության շրջանոմ բավական մեծ վարկանիշ ու համբավ ունեին: Դավիթ Տոնոյանին քննդատելու պատճառով ծանոթներից մեկը նեղացել էր ինձանից, Հովհաննիսյանին իր ոլորտի «գուրու» չհամարելու համար արժանացել եմ որոշ գործընկերներիս պարսավանքին, բայց ինչպես դասականն էր ասում՝ ես ճիշտ էի, նրանք՝ սխալ: Տոնոյանն էլ, Հովհաննիյանն էլ ընդամենը մեկ բան են արել՝ մանիպուլացրել են՝ մեկն իր հոլիվուդյան ժպիտով, մյուսը՝ «տակտիկական նահանջով»:
Բանակի խնդիրները, վստահ եմ, հինգ մատի պես են իմացել է թե՛ Հովհաննիսյանը, թե՛ Տոնոյանը, բայց դրանք հերթով ու արագացված տեմպերով լուծելու փոխարեն նախընտրել են «ելակ-կոլա» PR արշավի մաս կազմել, շահել զինվորի ծնողի սիրտը, որը չէր էլ պատկերացնում՝ որդին բանակում ելակ վերջին անգամ է ուտում: Հարցերը, այո, ցավոտ են, բայց դրանց օր առաջ պատասխաններ պետք է տրվեն՝ համապատասխան հետևություններ անելու համար: Պատերազմը «Ամանորի» կամ «Այբբենարանի» հանդես չէ, որ չհասցնես պատրաստվել: Հուլիսից դեռ գիտեիք, որ թուրք-ադրբեջանական զորքերը հարձակվելու են, ի՞նչ էիք անում, ինչպե՞ս էիք պատրաստվում: Հերթո՛վ ներկայացրեք գործողությունների ու քայլերի այն հաջորդականությունը, որ, իբրև թե, իրագործել եք: Միայն պաթետիկ խոսքերով՝ բանակ չես պահի: Ես կասեի «պաթոս» բառն առհասարակ պետք է ջնջել՝ բանակի մասին խոսելիս, արտահայտվելիս, երգ ու բանաստեղծություն գրելիս, ֆիլմ նկարելիս ու անգամ մտորելիս:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 76393

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ