Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սնանկ գործարանատիրոջ փրկությունը

Սնանկ գործարանատիրոջ փրկությունը
14.12.2024 | 12:50

XIX դ․ Բաքվի նավթը և նավթամթերքները արտասահման էին առաքում Բաթումից։ Ցիստերններով բերում էին ու լցնում փայտե կամ մետաղյա տակառների մեջ, ապա բարձում նավերի վրա։ Այդպիսի տակառներ պատրաստելու համար 13 ֆիրմաներ, այդ թվում՝ Ռոտշիլդն ու Նոբել եղբայրները, Բաթումում հիմնել էին գործարաններ։ Դրանցից հինգը պատկանում էին հայերին՝ Ալեքսանդր Մանթաշյանցին, Ծովիանյան եղբայրներին, Խաչատրյանցին, Շահբազյանին և Հովակիմ Մելքոնյանին։

Վերջինս ախալցխացի մի համեստ անձնավորություն էր, որին հարգանքով ու համակրանքով էին վերաբերվում ոչ միայն բանվորները, մշակները, գործակատարները, այլև մրցակիցները։

1890 թ․ Բաքվի նավթարդյունաբերությունում ճգնաժամ ծագեց, արտահանումը նվազեց, և սնանկությունը թակեց Մելքոնյանի դուռը։ Նա մեծ պարտքեր ուներ զանազան եվրոպական ու հրեական ընկերությունների առջև, որոնցից ամենախոշոր պարտատերը լոնդոնյան «Բեստել-Վեխտեր» ֆիրման էր։ Մելքոնյանը ժամանակ խնդրեց՝ վճարումները հետաձգելու պայմանով, բայց ոչ միայն չհամաձայնեցին, այլև դիմեցին դատարան, պահանջելով բանտարկել հայ գործարանատիրոջը։ Սակայն ոտքի կանգնեցին Բաթումի մյուս բոլոր՝ հայ, հույն, հրեա, գերմանացի գործարանատերերը ու սպառնացին գործնական կապերը խզել պարտատերերի հետ, եթե շարունակեն պահանջել Մելքոնյանի բանտարկումը։

Ի վերջո, խնդիրը հարթեց Ա․ Մանթաշյանցը։ Նա վճարեց Մելքոնյանի բոլոր պարտքերը (ըստ որոշ տվյալների՝ 300 հազար ռուբլի) և գնեց այդ գործարանը։

Անշուշտ, առաջին հայացքից կարող է թվալ, թե կատարվել էր պարզ բիզնես-գործարք։ Բայց խնդիրն այն էր, որ դա ձեռնտու էր բոլորին՝ Մելքոնյանն ազատվեց պարտքերից ու բանտարկվելու վտանգից, պարտատերերն ստացան իրենց գումարները, իսկ հարյուրավոր բանվորներ չզրկվեցին աշխատանքից և ապրուստի հնարավորությունից։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 28039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ