Կիևը չի ճանաչի ուկրաինական պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների արդյունքները, եթե դրանք տեղի ունենան առանց ուկրաինական կողմի մասնակցության՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքն է փոխանցել Reuters-ը։ «Այսօր կարևոր է, որ իրադարձությունները չզարգանան ըստ Պուտինի ծրագրի, ով ցանկանում է անել ամեն ինչ, որպեսզի բանակցությունները երկկողմանի դառնան, պետք է ներկայացված լինեն նաև եվրոպական երկրները»,- հավելել է Զելենսկին։               
 

MADE IN TURKEY (մաս 33-րդ)

MADE IN TURKEY (մաս 33-րդ)
18.01.2025 | 18:21

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին ՝ 2018-2025 թթ., տարիների պատմությունը)

ԳԼՈՒԽ 32-ՐԴ

(կամ` հերոսներին ու հզորներին հաճախ իշխել ու ստրկացրել են հատակում խլրտացող գարշելիներից ամենագարշելիները )

ИДИТЕ… «ՌԵԲՐԵՆԴԻՆԳԻ»

«… նրանց բերանում ճշմարտություն

չկա,

և նրանց սրտերն ունայնացած են:

Գերեզմանի պես բաց են կոկորդները նրանց,

Իսկ լեզուները` լի նենգությամբ:

Դատի՛ր նրանց Աստվա՛ծ»:

(Սաղմոս 5)

Հայ ժողովրդի կորուստներով հագեցած ճակատագրի նախապատճառներից մեկը, թերևս, հանրահայտ իրողությունն է` բնա՛վ չենք ճանաչել, թե՛ ներքին ու արտաքին թշնամիներին, թե՛ ինքներս մեզ:

Երբեմն կործանարար հանդուրժողականություն-անտարբերություն ենք ցուցաբերել ո՛չ միայն սեփական ապագայի, այլև երկրի ճակատագրի նկատմամբ:

Հաճախ էլ հանցավոր կրավորականություն դրսևորել իշխանության յուրացման, բացահայտ դավաճանության, պետական կյանքի կայացման տարբեր ոլորտներում արմատացող քանդարարության, ազգային ինստիտուտների ու արժեքների ոչնչացման փաստերի նկատմամբ:

Ինչն էլ հիմք է ստեղծել, որ բազում հերոսական էջեր ու հրաշափառ հաղթանակներ կերտած քաջազուններին, արվեստների ու արհեստների հզորներին ժամանակ առ ժամանակ ո՛չ միայն իշխեն, այլև ստրկացնեն, իսկ հայրենիքը, իրենց ստամոքսա-աղիքային լեքսիկոնով ասած` «քյաբաբ առ քյաբաբ» թշնամուն հանձնեն հատակում խլրտացող գարշելիներից ամենագարշելիները:

Փա՞ստ:

Մեր այսօրը:

Ստույգ ապացույցնե՞ր:

Դիտարկենք Գյումրի- Երևան ճանապարհի վերջում` «Աբու Հասանի մաշիկներ - պետական կառավարման լծակներ» մետամորֆոզ-փոխատեղման դերակատարների` սինլքոր-բոսյակների ու «հեղափոխականի» կերպարը գլխներին քաշած տարբեր ռանգի լրբերի ձեռամբ, յոթ տարվա ընթացքում բեկորների վերածված մեր հայրենիքից հավաքած փազլը.

«Եռաբլուրում» պառկած ու անհետ կորած մի ամբողջ սերունդ

(ըստ իրազեկների, զոհվածների ստույգ թիվը 10 253 է):

Բռնազավթված ու հայաթափված Արցախ:

Անխնամ ու անխունկ թողնված, պղծվող-հոշոտվող գերեզմաններ:

Հազարներով լքված եկեղեցիներ ու սրբավայրեր:

ՈՒրվականների բնակատեղի դարձած, կողոպտվող քաղաքներ ու գյուղեր:

Օրվա «ասողի» կամոք, թշնամու բանտերում կտտանքների ենթարկվող ու դատվող հայ քաղաքական ու ռազմական գործիչներ, հարյուրավոր գերիներ:

Հայաստանում անգործ-անտուն մնացած բռնի տեղահանվածներ:

Պատերազմի սպառնալիք:

Սով, թշվառություն:

Գետնաքարշ արված ազգային արժանապատվություն:

Փոշիացված արժեքներ:

Կազմաքանդված բանակ:

Հող ուտող և թարմ-ջահել արյուն լափող` բարոյազուրկ, չնչին մարդուկների խառնակույտից ձևավորված «վերևներ», որ խժռելուց, կուշտ թափանով բխկալ-զկռտալուց և օդն ապականելուց բացի այլ հունար չունեն:

Հա՛, մի շտրիխ էլ` վարչախումբ, որը թունդ նվիրվածությամբ մեր ինքնության ու պետականության ապամոնտաժման հիմքերն է արարում:

Հավաքվող փազլի եղերական դրվագներից մեկն էլ հիշյալ

բաշիբոզուկների մեղքով հայրենազրկված, ծնողազուրկ հազարավոր որբուկներն են, որ սոված- ոտաբոբիկ օրերն այս կամ այն անկյունում գլորում են առնետների ընկերակցությամբ: Նրանց օգնելու, շահել-պահելու, գուրգուրելու փոխարեն, խմբիշխանությունը միայն և միայն իրենց լամուկների բարեկեցությունն ապահովելու ու նրանց ապագայի խնդիրներով է զբաղված:

Այլապես, սեփական ժառանգի մորթին փրկելու միտումով, այլ ծնողների որդիներին թնդանոթի միս դարձնող,

ուրիշների զավակներին ունեզրկող ու որբացնող մի գորշ կարդինալուհի, պատերազմից անմիջապես հետո չէր ճոռոմաբանի ու արդարանա.

«Այն, ինչ ես անում եմ, անում եմ իմ երեխաների համար: Կարծում եմ` Աստված դա կտեսնի և կների ինձ»:

Ճի՛շտ ես, կտեսնի:

Աստված ամենուր է:

Ոչինչ չի՛ վրիպում Նրա ամենատես աչքից:

Նա ողորմած է, բայց և` արդարադատ:

Անարդարությունն ու հանցանքը, ո՛չ թե կսողան Նրա ամենակարող ձեռքերից, այլ կջախջախվեն ու կմատնվեն հավիտենական կորստյան:

Աստված իհարկե կտեսնի, բա՞յց…

Չի՛ ների, հույս չունենաս:

Չի՛ ների և երեխաներիդ:

Չի՛ ների քանզի գործում է «մեղքերի ժառանգավորական փոխանցում» կոչվածը:

Ասված է.

«…մեղավորին չեմ ազատում պատժից, հայրերի գործած մեղքերը բարդում եմ որդիների և որդիների որդիների վրա մինչև երրորդ և չորրորդ սերունդ» (Ելք, 34.7):

Իսկ երկուսիդ պարագայում, թերևս, մինչև յոթերորդ, անգամ տասներորդ սերունդ:

Հիմա «բարեկամաբար խորհուրդ տալու» և «միակ ճանապարհը» մատնացույց անելու հերթը բոլոր նրանցն է, ում բացահայտ ծաղրում եք ձեր ապիկար գրառումներով, «կրթվելը նորաձև է» դատարկաբանությամբ, իսկ ցածրաճաշակ «ռեալիթի շոու»-ներում ուղարկում անհայտ ուղղությամբ:

ՈՒրեմն, երկուսդ էլ` ռուսերեն արտահայտությունը ձեր դեպքում տեղին կհնչի` идите… «ռեբրենդինգի»:

Նոր կտակարանի ընթերցանությունն էլ սուրճխմությանը մի՛ զուգակցեք, որ կարողանաք հաղթահարել ձեր կոնստանտ տգիտության ճահիճն ու հասկանալ.

այն, ինչ արել եք, արել եք ձեր երեխաներին կորստյան մատնելու գնով, որովհետև նրանք ո՛չ մարսելու և ո՛չ էլ վայելելու են ձեր` ուրիշների երեխաների արյան գնով, կանանց-մայրերի արցունքներով, երկրակործան ու հոգեկործան հանցանքներով կուտակածը:

Վերջում փորձենք հստակեցնել կարևոր մի հանգամանք.

ի՞նչ կաներ «Կրթվելը նորաձև է» դատարկաբանության հեղինակը, եթե զուգահեռ նաև գիտակցեր, որ բարոյականությունն էլ ո՛չ մեկից չբխող, բայց բոլորին ու յուրաքանչյուրին ուղղված պատվիրան է:

Որ կան չգրված բարոյական օրենքներ, որոնք գրված օրենքների համեմատությամբ կայուն-անփոփոխ են, հավերժական:

ՈՒ նաև հասկանար` փողը, յոթ միլիարդի կամ ոսկու ձուլակտորների տեսքով, ի վերջո, գերեզման է, հատկապես, եթե հիմքում Ակեղդաման է` արյան ագարակը, որտեղ ինքն իր դատավճիռը կայացրեց Հուդան:

Իսկ ձեր ագարակից, կուզեք` կալվածքից, արյան, արցունքի գետեր են հոսում ու շառաչում` «արժանի վրե՜ժ»:

Արդեն չորս տարի «վրե՜ժ» են կանչում ձեր կեղտոտ խաղերում մատաղացու գառներ դարձած տղաների հոգիները` Արցախի, իրենց չապրած ու «առ ոչնչի» համար զոհաբերած ջահել կյանքերի, սերերի, չվայելած համբույրների, կարոտների ու առաջնեկին գրկել չկարողանալու համար:

Փողով կարելի՞ է գնել-չեզոքացնել ամեն վայրկյան երկնքից «արդար վրե՜ժ»-ի կոչնակ հնչեցնողների թողած արձագանքները հազարավորների հոգիներում:

Պատասխանը ժամանակին գրել է «Իրատեսի» հեղինակ Մարտին Հուրիխանյանը.

«Անմար է հայոց վրեժի ոգին, ամեն Էնվեր անխուսափ ունի իր Հակոբ Մելքումովը»:

Գրկե՛ք մեղքախեղդ կուտակածն ու սարսափով սպասե՛ք ձեր մելքումովին կամ` սողոմոնին:

Նաև չկասկածեք` ազգի բաց երակից հոսած արյան ու կորցրած տարածքների գնով կուտակածը «Росбанк»-ի համապատասխան բունկերում կպահեք, թե այլուր, ո՛չ երջանկություն է բերելու ձեզ, ո՛չ էլ խաղաղություն:

Իհարկե, կարող եք գնել շքեղ մահճակալ, բայց ո՛չ երբեք խաղաղ քուն:

Կգնեք նաև բրենդային զգեստներ, բայց ո՛չ երջանկություն:

Կգնեք թանկարժեք ժամացույց, բայց ո՛չ ժամանակ` ձերն արդեն սպառվում է:

Իսկ մինչ կկվի վերջնական կանչը կգնեք նաև գիրք, դիցուք, «Ողբը», բայց ո՛չ խելք:

Կգնեք և սրբապատկեր, բայց ո՛չ փրկություն:

Վախճանի պահին անգամ չեք գիտակցի` այն ամենը, ինչ հնարավոր չէ գնել փողով, Տերը տալիս է անվճար:

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 5601

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ