Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ռուսաստանի հետ հարաբերությունների հավերժական պրոբլեմը դարձյալ իր ամբողջ լրջությամբ կանգնած է մեր առաջ

Ռուսաստանի հետ հարաբերությունների հավերժական պրոբլեմը դարձյալ իր ամբողջ լրջությամբ կանգնած է մեր առաջ
13.12.2025 | 17:06

Ռուսների և ԽՍՀՄ-ի, ներկայում անկախացած, ժողովուրդների միջև բարդագույն հարաբերությունները հասկանալը պահանջում է բազմակողմանի գիտական և անաչառ անալիզ, որն իր մեջ որևէ էմոցիա չի կարող պարունակել։

Մասնավորապես, մեր և ռուսների հարաբերությունները էականորեն տարբերվում են ուրիշ ժողովուրդների նրանց հետ ունեցած հարաբերություններից, քանի որ այդքանի մեջ միակ գենոցիդվածը մենք էինք։

Այս հարցի քննարկման ժամանակ դրա անալիզի առանցքը դառնում է այն հանգամանքը՝ արդյոք Ռուսաստանի հովանավորությունից դուրս որևէ կոնկրետ ժողովրդի վիճակը ավելի վա՞տ կլինի, թե՞ ավելի լավ և, դա էլ, առաջին հերթին, նրա անվտանգության և հարևանների կողմից տարրական իրավունքների ոտնահարման իմաստով։

Եվ, այս կտրվածքով, բոլշևիկյան հեղափոխությունից հետո ռուսների ազդեցության ոլորտում գտնվող ժողովուրդների մեջ մեր իրավունքները, Արցախի ու Նախիջևանի առումով, ամենից շատ ոտնահարվեցին, բայց, մյուս կողմից էլ, նրանք, շագրենի կաշվի նման փոքրացած և 10 հազար քառակուսի կիլոմետր դարձած մեր երկիրը դարձրին 31 հազար քառակուսի կիլոմետրանոց և, որ նաև ամենակարևորն է, նրանք մեր կյանքի անվտանգության գարանտը դարձան։

Այս իմաստով, ավելի լայն պատմական առումով, վերջապես մեր գիտակցությանը պետք է հասնի այն հանգամանքը, որ մարդկանց ու, մանավանդ, ժողովուրդների կյանքում ու նրանց հարաբերությունների մեջ ամեն ինչ որոշում են ուժը և նրանց պոտենցիալ շահն ու կորուստը։

Եթե ուժ չունես, ապա բնական է, որ ամեն ինչ որոշվելու է ուժ ունեցողի շահով և, այդքան բանը հասկանալով, պետք է ականջին օղ անել, որ ռուսների հետ ունեցած հարաբերություններում ամեն ինչ որոշվել է նրանց, որպես անհամեմատ ավելի ուժեղի շահով, պարզապես նրանց շահը երբեմն համընկել է մեր շահի հետ ու, երբեմն էլ, չի համընկել։

Մի բան, որը ճիշտ է աշխարհի ցանկացած անկյունում ուժեղների ու թույլերի միջև հարաբերություններում։

Դրանից բացի, ճակատագրական որոշումներ կայացնելիս, շատ կարևոր են նաև ուժային տեսանկյունից իրավիճակը ճիշտ գնահատելը և դրա անխուսափելի հետևանքների հետ հաշտվել կարողանալը, ինչը մեզ երբեք չի հաջողվել։

Այս տեսանկյունից եթե դիտարկենք 11-րդ կարմիր բանակի մուտքը Կովկաս 1920-ին, ապա կովկասյան թաթարները ամենայն արագությամբ բոլշևիկների թշնամիներից ու հակառակորդներից վերածվեցին նրանց կողմնակիցների, իսկ մերոնք, արտաքնապես ենթարկվելով ուժի ճնշմանը, ներքուստ չհաշտվեցին իրավիճակի հետ և մնացին իշխող ուժին թշնամի՝ դրա բոլոր հետևանքներով։

Այս իրավիճակը պրոֆեսիոնալ պատմաբանները, անկասկած, ավելի իրազեկ լինելով, շատ ավելի լավ կգնահատեն, բայց մի բան պարզ է, որ մեր ունեցած կորուստները կարելի է բացատրել նաև մերոնց քաղաքական կոպիտ սխալներով և պարզունակ էգոիզմով՝ ոնց որ երեխայի ձեռքից խաղալիքը խլես։

Եվ դրան հետևող ողբը, որ ազատությունը եկավ մեր տուն, բայց մենք չհասկացանք դա, բնական հարց է առաջանում՝ այդ ո՞ր ազատության մասին է խոսքը, այն, որը մեզ կոտորել ու մեր երկիրն էլ 10 հազար քառակուսի կիլոմե՞տր էր դարձրել։

Անկախ նրանից, թե որոնք էին մեր գենոցիդի բուն պատճառներն ու արմատները, դրանք պլանավորողներն ու կատարողները, մի բան պարզ է, որ վերջին հարյուրամյակների ընթացքում ռուսները, իրենց շահը հետապնդելով, առաջադիմություն են բերել մեր տարածաշրջան։

Նրանք նույնն արեցին խորհրդային ամբողջ շրջանում և մեզ դարձրին ժամանակակից հոգեբանության տեր ժողովուրդ՝ արդյունաբերությամբ, կրթությամբ, գիտությամբ և այլն։

Ներկայում Ռուսաստանի հետ հարաբերությունների հավերժական պրոբլեմը դարձյալ իր ամբողջ լրջությամբ կանգնած է մեր առաջ, այն էլ՝ Արևմուտքի ակնհայտ թուլացման և ռուսների, դարձյալ ակնհայտ, ուժեղացման պայմաններում, բայց ցավը նրանում է, որ մենք մնացել ենք գավառական մենթալիտետով նույն սահմանափակ մեծամիտը։

Խելոք ժողովուրդները իրականության հետ հաշտվում են պոտենցիալ պատժից շատ ավելի շուտ, իսկ ապրելու կամքը կորցրած միամիտները ևս դրա հետ հաշտվում են, բայց դաժան պատժից հետո միայն։

Եթե շարունակենք, իրատես չլինելով, հետապնդել մեր կարողություններից վեր ու անիմաստ ցանկություններ և հետն էլ քանդիրբազ խաղալ ուժեղների արանքում, դարձյալ մեծ կորուստներ կունենանք։

Այն թյուր պնդումը, որ խելոք գառը երկու մոր կաթ կծծի, իրականության մեջ սխալ է, քանի որ, կաթ ծծելու փորձի ժամանակ, մայր ոչխարը, գառի պոչից հոտ քաշելով, պարզում է՝ նա իրե՞նն է, թե օտար, և թողնում է կամ չի թողնում նրան կաթ անուշ անել։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 245

Մեկնաբանություններ