«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Երկնաքաղաքացիներ

Երկնաքաղաքացիներ
03.03.2026 | 18:00

1937 թ. սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Երևանի Ներքին գործերի կոմիսարիատի բանտախցից դուրս բերվեցին տառապանքից և անողոք հարցաքննություններից հյուծված մի քանի կալանավորներ: Նրանց աչքերը թաշկինակներով կապված էին, իսկ ձեռքերը` շղթաներով: Այդ թաշկինակներից քրտինքի, արյան և մահվան հոտ էր գալիս:

Կալանավորները համակերպվել էին իրենց ճակատագրին: Նրանց տանում էին գնդակահարելու, որովհետև պարկեշտորեն ծառայել էին հայ ժողովրդին և քաջաբար ընդդիմացել ազգային արժեքներն ու սրբությունները ոտնակոխ անող ամբարիշտ իշխանավորների քարոզչությանն ու անարգ գործունեությանը:

Այդ կալանավորներից մեկը Շիրակի և Սյունյաց թեմերի նախկին առաջնորդ Արտակ եպիսկոպոս Սմբատյանցն էր: Թուրքերն անգամ նրան այդպես չէին անարգել, երբ 1918 թ. իբրև հայ ազգաբնակչության ներկայացուցիչ գնացել էր Կարսն ու Ալեքսանդրապոլը գրաված թուրք զորականների հետ բանակցելու: Նրանք սկզբում կապել էին Սրբազանի աչքերը, պարզապես որպեսզի նա չտեսնի իրենց ռազմամթերքն ու զինվորների գրաված դիրքերը: Բանակցության ընթացքում և բանակատեղիից դուրս գալուց հետո հանել էին նրա աչքակապը: Մինչդեռ անհավատ գաղափարախոսությամբ սնված ու պղծված մարդկային այդ գծուծ էակները, Խորհրդային պետության հայանուն ու հայադավ գործակալները, չթողեցին Սրբազանին ու նրա բախտակիցներին մի անգամ էլ ողջունել աստուածատուր արևածագը:

Մարդակերպ հրեշներն, ընդհանրապես, սնվում են անմեղների վաստակով ու արյամբ: Հրեշները ամեն տեղ են սողոսկում, և՛ աջերի. և՛ ձախերի մէջ, և նույնիսկ կրոնական խմբավորումներում են հայտնվում:

Այս մտքերով էի տարվել, երբ ընկերս, զայրացած մի բարոյազուրկ հոգևորականի վատահամբավ արարքներից, ասաց.

- Հիմա լավ եմ հասկանում, թե ինչո՛ւ կոմունիստները եկեղեցականներից շատերին բանտարկեցին, աքսորեցին կամ սպանեցին:

Իսկ ներկա հավատացյալ տիկիններից մեկն էլ հարեց.

- Իմ հանդիպած կրոնականներից շատերը գոռոզամիտ են, որովհետև դատարկամիտ են, վերջերս սկսել են նույնիսկ թիկնապահներով շրջել իրենց հոտի մէջ: Բարի մարդիկ թիկնապահի կարիք չեն ունենա...

- Խնդրում եմ,- ասացի, ընդհատելով խոսակցությունը,- թացը չորի հետ չվառել: Բռնադատված եկեղեցականները կարող էին խուսափել հալածանքներից, եթե միայն հրաժարվեին իրենց հոգևոր կոչումից կամ համագործակցեին իշխանությունների հետ` մատնելով իրենց հավատակիցներին, դավաճանելով իրենց կրոնական սկզբունքները, ինչպես ոմանք արեցին: Դուք միայն վատերի օրինակն եք բերում: ՈՒ՞մ հայտնի չէ, որ շատերը եկեղեցական են դարձել փափկակեցության համար, կուսակրոնությունը վերածել են անբարոյականության, որձ և էգ հարաբերություններում մեծ վաստակ ձեռք բերելով, կամ էլ պարզապես հետամուտ լինելով բարձր պաշտոններ զբաղեցնելու և հարստություն կուտակելու: Բայց, բարեբախտաբար, հազար փա՜ռք Աստծուն, որ եղել են և կան անբասիր ու աղոթող, սաղմոսասաց և իր հոտի համար անձնդիր եկեղեցականներ, հրաշագործ հոգիներ, ամենուրեք բարություն սերմանող, քաղցրություն սփռող, Քրիստոսի անուշ բուրմունքն ունեցող հոգևոր այրեր:

Դրանցից մեկն էր հոգու անարատությամբ փայլող Արտակ եպիսկոպոսը, որ եղել էր Հիսուսի Ավետարանի համարձակ քարոզիչ, դատապարտելով ոչ միայն աշխարհականների, այլև մի շարք մոլորված կրոնականների չարաշահումները: Դրա համար էլ շատ պարզ էր, որ պիտի հալածվեր և վերջում նույնիսկ մահվան դատապարտվեր:

Սրբազանի` ձեռքս անցած անտիպ գրություններից մեկում կարդում ենք.

«Կյանքն այնտեղ է, որտեղ մարդ Աստուծո հետ միացած է, լինի այդ այս աշխարհում թե այն աշխարհում: Աստծուց լքված լինել, մահ է նշանակում, դա մարդու ներքին հոգեկան աշխարհի քայքայումն է: Ով հավիտենական կյանք չունի յուր մէջ, նա կենդանի չէ: Ով որ միայն անցողական իրերի հետ է կապված, որոնք ինչպես երևույթ են ու ամպերի պես չքացող, ով որ անցողական նպատակներ ունի, նա ինքն էլ անցողական է: Եթե մարդուն Աստծուց բխած Ս. Հոգին չի առաջնորդում, նա նման կլինի այն նավին, որ ծովի ալիքների մեջ անհույս տարուբերվում է և մի հուսո ափ չի տեսնում, որտեղ դուրս ելնել և փոթորիկից ազատվել կարող է: Մարդ առանց Աստուծո անհաստատ է, անկայուն է»:

1924 թ. փետրվարին Արտակ եպիսկոպոսը, վտանգելով նույնիսկ իր սեփական անձի ապահովությունը, իր արդար բողոքի ձայնն է բարձրացնում հոգևորականների նկատմամբ ձեռնարկված ահաբեկումների դեմ: Այդ առթիվ նա գրում է Հայաստանի նախարարների խորհրդի նախագահ` Լուկաշինին.

«Ցավոք սրտի պարտք եմ համարում հայտնել Ձեզ, որ կոմսոմոլներն ու գյուղգործկոմները շարունակեցին առավել ևս ծաղր ու ծանակի ենթարկել քահանաներին, թքոտել նոցա վերա, հրապարակով ամենաստոր խոսքերով վիրավորել հայ հավատացյալի սրբությունները, խաչն ու ավետարանը, արգելել քահանային ժամ գնալ, զանգ խփել, ժամերգություն կատարել, այլև ավելի հեռուն գնալով, հայ ժողովրդի Աստծո տաճարների վրայից խաչերը վերցրին, սրբությունները թալանեցին, եկեղեցական գրքերը ոչնչացրին, սեղանները քանդեցին և եկեղեցին թատրոն դարձրին, որի համար կեղծ ստորագրություններ կազմեցին ժողովրդի անունից: Իսկ այն հավատացյալ ժողովրդին, որ հանդգնել է յուր հավատի, կրոնի, յուր եկեղեցու պաշտպան կանգնել, ահ ու դողի մէջ ձգելով, գնդակի սպառնալիքի տակ են պահում...»:

Սրբազանը գիտեր աշխարհիկն ու վաղանցուկը. սուտն ու կեղծիքը տարբերել հավիտենական ճշմարտությունից և երկնքի խոստացված անկապուտ բերկրանքից: Նա ինքնակամ զոհում էր իր անձի երկրային վաղանցուկ ապահովությունը, պայքարելով չարի ու անարժեք երևույթների դեմ, որպեսզի ամեն ինչում հաղթանակեն բարին ու մնայուն արժեքները, որպեսզի ինքն ու իր նմանները չզրկվեն իրենց երկնային քաղաքացիությունից, քանզի քրիստոնյաները կոչված են դառնալու երկնքի քաղաքացիներ (Փիլիպ․, Գ, 20), ի տարբերություն նրանց, «որոնց Աստվածը իրենց որովայնն է» (Փիլիպ., Գ, 19):

Ինչպես նախկինում, այսօր էլ գոյություն ունեն այնպիսի վա՜յ եկեղեցականներ, որոնք հանդուրժում են չարիքը, քծնում են խավարամիտ ու անհավատ վարչականների կամ կուսակցական դրածոների առջև, պարզապես իրենց դիրքն ու աթոռը պահելու ստոր նկատառումներով: Այդպիսի եկեղեցականների համար Արտակ եպիսկոպոսի նման սրտացավ, բարեխիղճ և միաժամանակ քաջարի կղերականները զուրկ են համարվում դիվանագիտությունից և հարմարվելու ճկունությունից:

Բայց դա այդպես չէ: Արտակ Սրբազանն ու իր նմանները ոչ թե դիվանագիտություն չունեն, այլ նրանք իրենց իմաստությունն ու դիվանագիտական կարողությունը ծառայեցնում են միայն ու միայն ի փառս Աստծո, յանուն արդարության ու ճշմարտության տարածման:

«Դիվանագետ» եկեղեցականները հաշիվներով են շարժվում, ունեն իրենց ուրույն հաշվարկները, բայց այդ հաշիվները շատ անգամ սխալ են դուրս գալիս: Աստված ուշադրություն չի դարձնում մարդկային հարաբերություններում հաշվարկներով առաջնորդվող անձանց, այլ նա փնտրում է և գնահատում գորովալից ու գործուն սիրով տոգորված մարդկանց սրտերը:

Տխրահռչակ Չեկայի արձանագրությունների մահաբույր մատյանում գոյություն ունի միայն մի հակիրճ տեղեկանք Արտակ Սրբազանի մահվան հանգամանքների մասին.

«ՀՍՍՀ ՆԳԺԿի Եռյակի որոշումը 1937 թ. օգոստոս 31-ի Արտակ Եփրեմի Սմբատյանի գնդակահարման մասին ի կատար ածվեց 1937 թ. սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերվա ժամը երկուսին»:

Նրա նման անշիրիմ նահատակներ բազմաթիվ են: Նրանց անարատ արյամբ օրհնվեց հայրենյաց նվիրական հողը, Նրանցով փրկվեց եկեղեցականության և եկեղեցու պատիվն ու վարկը:

Նրանք հաճախ նկատի չեն առնվում, աչքի չեն ընկնում. արհամարհված են, բայց Աստծու կողմից հավետ փառավորված: Երկրածին լինելով հանդերձ, ապրել են ու շարունակում են ապրել իբրև երկնաքաղաքացիներ:

Նրանք են, որ վառ են պահում մեր հավատի լուսապայծառ կանթեղը:

Հակոբ Արքեպիսկոպոս ԳԼՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 192

Մեկնաբանություններ