Վերադարձ ի շրջանս յուր
1991-ից ի վեր Հայաստանը ունեցել է իշխանավարման երեք շրջան, երեք ռեժիմ՝ «լևոնական», «քոչարյանական» և «սերժանիկոլական»:
Ընդ որում, առաջնն ու վերջինը ունեն բազմաթիվ ընդհանրություններ, թեպետ, որևէ հարմար առիթ բաց չեն թողնում ի ցույց դնելու միմյանց հանդեպ ունեցած «личную неприязнь»-ը՝ ինչպես հայտնի ֆիլմի հերոսը կասեր:
Ժամանակին Տեր-Պետրոսյանի թեթև ձեռքով շրջանառության մեջ դրված «քոչարյանասերժական ավազակապետական ռեժիմ» տերմինը ոչ այլ ինչ էր, քան քաղտեխնոլոգիական հնարք, որը, ինչպես կյանքը ցույց տվեց, իրականության հետ որևէ աղերս չուներ:
Այսօր, երբ տարատեսակ հարթակներում «սերժանիկոլական» ռեժիմի «նիկոլական» և «սերժական» թևերի ներկայացուցիչները միմյանց «պասերով» «մեկնաբանում» են միմյանց մտքերն ու գործողությունները, հանրությանը մատուցելով գավառական մակարդակով բեմադրված ներկայացման հերթական որևէ արար, ցցուն կերպով երևում է, թե «քաղաքական կապիկության» ասպարեզում ինչ բարձունքների է հասել այդ ռեժիմը:
Փողահպատակ և հայրենադավ «քաղաքական շրջիկ կրկեսի» 17-ամյա գոյության այս ամբողջ ժամանակաշրջանի մեջ ափսոսանքի արժանի մի բան, այնուամենայնիվ, կա. այն է, որ «սերժանիկոլական ռեժիմ» եզրույթի հետ ասոցացվում են նաև Աշոտ Նավասարդյանի ՀՀԿ-ն, երջանկահիշատակ Սպարապետի և բազմաթիվ պարկեշտ, իրապես հայրենանվեր և պետական մտածողության կրող գործիչների անուններ, որոնք, հանգամանքների բերամբ, հայտնվել էին «սերժական» ՀՀԿ-ի և, ինչու ոչ, նաև՝ «նիկոլական» ՔՊ-ի շարքերում:
Իրապես, ժամանակն է վերջ դնելու այս արհավիրքներ բերած, «սերժանիկոլական պետականակործան կրկեսի» գոյությանը և դուրս գալու այս չափազանց երկար տևած կախարդական շրջանից: Հայաստանը դատապարտված է վերադառնալ իշխանավարման ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ուղեծիր՝ ազգային-պահպանողական արժեհամակարգի կրող, հայրենանվեր և փորձառու գործիչների առաջնորդությամբ: Սա հասկացել են հասկանալու ընդունակ բոլորը՝ գիտակցաբար, ինչպես նաև հասկանալու հետ խնդիրներ ունեցողների մեծամասնությունը՝ ենթագիտակցաբար:
Իրավիճակից ելքի այլ տարբերակ չկա: Ցանկացած՝ «խաղաղասիրական», «իրական հայաստանյան» կամ ռեժիմի կողմից առաջ քաշվող որևէ այլ «կապիկություն» ամենաուղիղ կերպով տանում է դեպի ԹՈՒՐՔԱՀՊԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ:
Սա է ելքը:
Ելքը Սերժին մեկ անգամ ևս ՄԵՐԺԵԼՆ է, պարզապես, այս անգամ Նիկոլն էլ հետը պետք է մերժվի:
Արգամ Տեր-Պողոսյան