Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Պատմությունը սեփականացնելու ամենաթույլ ճանապարհը քարերին ազգային պիտակ կպցնելն է

Պատմությունը սեփականացնելու ամենաթույլ ճանապարհը քարերին ազգային պիտակ կպցնելն է
15.09.2026 | 11:08


Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ պատմական ժառանգության շուրջ բանավեճերում երբեմն կարելի է հանդիպել երկու նույնքան պարզունակ մոտեցման․ մեկը հայտարարում է՝ «Ադրբեջանի տարածքում գտնվող եկեղեցիները հայկական են», մյուսը՝ «դրանք ալբանական են»։
Եկեղեցու պատկանելությունը չի որոշվում միայն այն հարցով, թե տվյալ տարածքում որ ժողովուրդն է ապրել կամ այսօր որ պետության սահմաններում է գտնվում տվյալ եկեղեցին։ Պետք է տարբերել էթնիկ ինքնությունը, պետության տարածքային իրավասությունը, եկեղեցական վարչական ենթակայությունը, դավանական պատկանելությունը, կանոնական կարգավիճակը եւ պատմական իրավահաջորդությունը։
«Հայ Առաքելական Եկեղեցի» անվանման մեջ «հայ» բառը չպետք է ընկալել զուտ էթնիկ իմաստով։ Հայ Առաքելական Եկեղեցին հայ ժողովրդի պատմական Եկեղեցին է, սակայն իր եկեղեցաբանական էությամբ այն պարզապես «էթնիկ հայերի կրոնական կազմակերպություն» չէ։ Եկեղեցական պատկանելությունը որոշվում է նաեւ հավատքով, առաքելական հաջորդականությամբ, ծիսական ավանդությամբ, կանոնական հաղորդությամբ եւ եկեղեցական աստիճանակարգով։
Եվ այստեղ հատկապես կարեւոր է Աղվանից, Լփնաց եւ Չողայ կաթողիկոսության հարցը։
Նույնիսկ եթե պատմական ուսումնասիրությունների արդյունքում հաստատվի, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող այս կամ այն եկեղեցին որոշակի ժամանակաշրջանում կապված է եղել Աղվանից կաթողիկոսության հետ, դրանից ինքնաբերաբար չի հետեւում, որ այդ եկեղեցիները պետք է այսօր ներկայացվեն որպես ժամանակակից Ադրբեջանի կամ առանձին գոյություն ունեցող «ալբանական եկեղեցու» ժառանգություն։
Որովհետեւ այստեղ գլխավոր հարցը ոչ թե անունն է, այլ կանոնական եւ եկեղեցական շարունակականությունը։
Աղվանից կաթողիկոսության պատմությունը պետք է ուսումնասիրել Հայոց Եկեղեցու ընդհանուր պատմական եւ կանոնական համակարգի համատեքստում։ Հայ պատմագիտական եւ եկեղեցագիտական ավանդության մեջ այն ներկայացվում է որպես Հայոց Եկեղեցու հետ սերտորեն կապված պատմական եկեղեցական կառույց, որի հարաբերությունները Հայոց կաթողիկոսական աթոռի հետ տարբեր ժամանակաշրջաններում պետք է գնահատել սկզբնաղբյուրների հիման վրա։
Եվ սա շատ կարեւոր տարբերություն է։
Պատմական «Աղվանք» անունը դեռ չի ստեղծում ժամանակակից «Աղվանից եկեղեցի»։
Պատմական կառույցի գոյությունը եւ դրա ժամանակակից իրավահաջորդությունը երկու տարբեր հարցեր են։ Իրավահաջորդությունը պետք է փնտրել ոչ թե միայն անվան, այլ ինստիտուցիոնալ եւ կանոնական շարունակականության մեջ։
Ո՞վ էր ձեռնադրում հոգեւորականներին։
Ո՞ր կաթողիկոսական աթոռին էր ենթարկվում տվյալ կառույցը։
Ո՞ր Եկեղեցու հետ էր գտնվում կանոնական հաղորդության մեջ։
Ո՞ր ծիսական եւ դավանական ավանդությանն էր պատկանում։
Ո՞ր եկեղեցական մարմինն է հետագայում պահպանել այդ ավանդության շարունակականությունը։
Սրանք են իրական հարցերը։
Եվս մեկ կարեւոր բան․ եկեղեցին որպես շինություն եւ Եկեղեցին որպես հոգեւոր-կանոնական մարմին նույնը չեն։
Քարը կարող է մնալ նույն տեղում, մինչդեռ պետությունները, սահմանները եւ քաղաքական իշխանությունները կարող են փոխվել տասնյակ անգամներ։
Պետական սահմանը չի ստեղծում եպիսկոպոսական իրավազորություն։
Քաղաքական իշխանությունը չի ստեղծում առաքելական հաջորդականություն։
Իսկ պատմական անունը ինքնաբերաբար չի ստեղծում ժամանակակից եկեղեցական իրավահաջորդություն։
Այդ պատճառով այսօր պետք է հրաժարվել «հայկական էր, թե ալբանական» պարզունակ երկընտրանքից եւ հարցը դնել ավելի բարձր մակարդակում։
Ո՞ր Եկեղեցու հավատքի, ծիսական ավանդության եւ կանոնական համակարգի մեջ է տվյալ սրբավայրը գոյություն ունեցել։ Եվ ո՞ր եկեղեցական կառույցն է այսօր շարունակում այդ ավանդության պատմական գիծը։
Եթե տվյալ սրբավայրի պատմական կապը Հայոց Եկեղեցու կանոնական համակարգի հետ հաստատվում է սկզբնաղբյուրներով, ապա դրա հոգեւոր եւ եկեղեցական ժառանգության հարցում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին չի կարող դուրս մնալ քննարկումից։
Սա ոչ թե ազգայնականության, այլ եկեղեցական պատմության տրամաբանության հարց է։
Եվ գուցե հենց այստեղ է մեր հիմնական սխալը․ մենք փորձում ենք եկեղեցիները բաժանել ազգերի միջեւ, մինչդեռ Եկեղեցին իր էությամբ կոչված է մարդուն Աստծուն կապելու, ոչ թե ազգերին իրարից բաժանելու։
Պետությունները փոխվում են։
Սահմանները փոխվում են։
Ժողովուրդների քաղաքական անվանումները փոխվում են։
Բայց եկեղեցական ժառանգությունը պետք է ուսումնասիրել առաքելականության, կանոնականության եւ պատմական շարունակականության միջոցով։
Ուստի այս հարցերում պետք է ոչ թե ավելի բարձր գոռալ, այլ ավելի խոր ուսումնասիրել։
Որովհետեւ պատմությունը սեփականացնելու ամենաթույլ ճանապարհը քարերին ազգային պիտակ կպցնելն է։
Իսկ պատմությունը հասկանալու ամենաճիշտ ճանապարհը՝ հարցնելը, թե ո՞ր հավատքի, ո՞ր Եկեղեցու եւ ո՞ր կանոնական ավանդության մեջ է այդ քարը դարեր շարունակ կանգնած եղել։

Տեր Հեթում քահանա Թարվերդյան
Դիտվել է՝ 188

Մեկնաբանություններ