Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամենամեծ ողբերգությունը ոչ թե լուրերի հոսքում հերթական մարդկային կյանքի ընդհատումն է, այլ այն սառնասրտությունը, որով հասարակությունը սովորում է ապրել դրա հետ։ Մարդկային կյանքը դադարել է լինել բացարձակ արժեք, այն վերածվել է վիճակագրության, քաղաքական տեքստերի և անտարբերության զոհասեղանին դրված հերթական ցուցանիշի։
Լուսահոգի Արմեն Գրիգորյանի արտասանած պարզ, բայց դաժանաբար ճշմարիտ խոսքերը՝ «Սրան հանեք, մարդ չմեռնի էլ, հող չտանք էլ», քաղաքական կարգախոս չէին։ Դրանք ազգային ինքնապահպանման և բարոյական ահազանգի խորը արտահայտություն էին։
Երբ պետության կառավարման փիլիսոփայությունը դուրս է մղում բարոյականությունն ու պատասխանատվությունը, առաջինը մահանում է անհատի կյանքի անձեռնմխելիությունը։ Երբ մարդուն անազատության մեջ պահելը կամ նրա կյանքի ընդհատումը դիտվում է որպես «սովորական, ամբողջ աշխարհում պատահող դեպք», սա ոչ թե իրավական ձախողում է, այլ բարոյական սնանկություն։
Ժամանակակից հասարակությունը վարժվել է մակերեսային ընկալմանը։ Մենք կարդում ենք վերնագրերը, քննարկում ենք դեպքը մի քանի ժամ, թողնում ենք էմոցիոնալ մեկնաբանություններ և անցնում առաջ։ Բայց խորքային հարցադրումը մնում է անպատասխան.ինչպիսի՞ հասարակություն ենք մենք դառնում, երբ մարդկային կյանքի կորուստը այլևս չի շարժում մեր խիղճը։
Արժեքների նկատմամբ անտարբերությունը ծնում է անպատժելիություն, անպատժելիությունը՝ նոր մահեր և նոր կորուստներ: Սա փակ շրջան է, որը փոխելու համար անհրաժեշտ է ոչ թե լոկ քաղաքական ընդվզում, այլ արժեքային արթնացում։
Ազգի, պետության և հասարակության ուժը չի չափվում միայն տնտեսական ցուցանիշներով կամ պաշտոնական հայտարարություններով։ Այն չափվում է նրանով, թե որքանով է պաշտպանված քաղաքացին, որքանով է հարգված նրա կյանքը, և որքանով է պետությունը գիտակցում իր բացարձակ պատասխանատվությունը յուրաքանչյուր անհատի համար։
Ժամանակն է դուրս գալ մակերեսային քննարկումների դաշտից և տալ գլխավոր հարցը․ մենք պատրա՞ստ ենք հանդուրժել մի իրականություն, որտեղ մարդու կյանքն ու ազատությունը այլևս առաջնային արժեք չեն։
Հայկ Մովսիսյան