Մի օր գրասենյակ մտնելով՝ աշխատակիցները դռան վրա ցուցանակ են տեսնում հետևյալ գրառումով. «Երեկ մեր աշխատակիցներից մեկը, ով խոչընդոտում էր ձեր առաջընթացին, մահացել է: Առաջարկում ենք մասնակցել հոգեհանգստի արարողությանը»:
Այդ լուրը մի պահ բոլորին տխրեցնում է, իսկ հետո սկսում են հետաքրքրվել, թե ում մասին է խոսքը, ով է այն մարդը, որ խոչընդոտել է իր և ընկերության առաջխաղացմանը: Բոլորին արդեն մի հարց էր հուզում` ով է այդ մարդը, որ խոչընդոտել է իրեն: Բայց կարևորը` մահացել է, և ամեն ինչ վերջացած է:
Հաջորդ օրը աշխատակիցները բոլորով միասին մեկնում են սգո սրահ և առանձին-առանձին մոտենում են դագաղին, բայց երբ տեսնում են, թե ով է այնտեղ, միանգամից պապանձվում են, շփոթված ու կարկամած կանգնում են: Կարծես ինչ-որ մեկը թափանցել էր իրենց հոգու ամենախոր անկյունը:
Ինչու՞, ո՞վ էր հանգուցյալը...
Նրանցից յուրաքանչյուրը, նայելով դագաղի ներսը, իրեն էր տեսնում, որովհետև այնտեղ հայելի էր դրված, իսկ կողքին՝ գրություն. «Ոչ ոք չի կարող կասեցնել ձեր առաջընթացը և խանգարել ձեր հաղթանակներին, բացի մեկ մարդուց, և այդ մարդը դուք ինքներդ եք»:
Փոխեք ձեր մտածելակերպը, կփոխվի և ձեր կյանքը:
Շատերին իրենց կյանքը չի բավարարում, դժգոհում են, բայց ոչինչ չեն անում այն փոխելու համար: Ինչու՞: Որովհետև չեն ուզում ստանձնել իրենց կյանքի պատասխանատվությունը, և ավելի հեշտ է ոչինչ չանելով արդարանալ, բողոքել խնդիրներից` մեղադրելով ուրիշներին, աշխարհին, ճակատագրին, ինչու չէ՝ նաև Աստծուն, բայց ոչ երբեք սեփական անձը: Լավ իմացեք, Աստված օրհնում է գործեր նախաձեռնողին և կատարողին:
Եթե ուզում եք դեպի լավը փոխել ձեր կյանքը, ապա հավատացեք ձեր սեփական ուժերին: Լսեք ձեր ներաշխարհին` կատարեք ձեր մտքի թելադրանքը:
Դե ուրեմն, սկսենք հիմնարար սկզբունքներից ու համոզմունքներից, որոնց մենք հավատարիմ ենք: Նրանք կառավարում են մեր մտածողությունը:
Պարզապես հրաժարվեք դժբախտ ու խեղճ լինելու մտքից: Բացարձակապես անիմաստ ու տհաճ է նստել ու բողոքել, խղճալ ինքդ քեզ: Դա նման է ստվերում նստած մարդուն, որը բողոքում է, թե արևն իրեն չի տաքացնում: Մարդուն դժբախտ են դարձնում բացասական զգացմունքներն ու մտքերը, վատ սովորույթները, դժվար իրավիճակում հարցեր լուծելու անկարողությունը, հարաբերություններ կառուցելու և երազանքները կյանքի կոչելու անընդունակությունը:
Կյանքի հիմքը մտքի ուժի, ճիշտ մտածելակերպի մեջ է: Մարդուն միշտ պակասում են ինքնավստահությունը, ինքնահարգանքը, հավատն ու դրական վերաբերմունքը սեփական անձի նկատմամբ:
Մարդու միտքն այն ամենահզոր գործիքն է, որն ունակ է փոխելու իրականությունը: Այսպիսով՝ կարողացեք ձեր մտքի ուժը դարձնել ձեր ցանկացած նպատակին հասնելու դաշնակիցն ու համընդհանուր բանալին: Դրա համար սկսեք ձեր միտքը լցնել ստեղծագործական ու առողջ գաղափարներով:
Գրիգոր Գրիգորյան