Մայիսի 14-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս 424 մլն խմ է: «Սևան-Հրազդան» ոռոգման համակարգի բաժինը հնարավորինս լրացնող Ապարանի ջրամբարում (տարողությունը` 91 մլն խմ) կուտակված ոռոգման ջրի քանակը գերազանցում է 35,6 մլն խմ-ն, Ազատի ջրամբարում (տարողությունը 70 մլն խմ) կուտակվածը` 55,4 մլն խմ-ն, իսկ Կեչուտինը (տարողությունը` 25 մլն խմ)` 23,8 մլն խմ-ն: Լիքն են նաև Սպանդարյանի (տարողությունը` 257 մլն խմ) և Տոլորսի (96,8 մլն խմ) ջրամբարները:
Հիդրոօդերևութաբանների գնահատմամբ, նշված բոլոր ջրամբարներում ներկայումս եղած ջրի քանակը, որն անհամեմատ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կուտակվածից, մինչև ոռոգման շրջանի ավարտը զգալիորեն կթեթևացնի Սևանա լճի հոգսը:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ