Հետընտրական զարգացումների համապատկերում ամենաշատը քննարկվում է Հայ ազգային կոնգրեսի «հետագա ու մոտակա» ճակատագրի հարցը: Ողջ քաղաքական դաշտը ողողված է այս քաղաքական ուժին առնչվող վերլուծություններով: ՀԱԿ-ում էլ, մեղմ ասած, հանգիստ վիճակ չէ: Մանդատները վերցնելու որոշումը, բացի «վերցնողներից», մյուսների սրտով չէ: Չնայած այն հանգամանքին, որ այս պահին կոնգրեսի ղեկավարությունը դժգոհողներին բոլոր հնարավոր ու անհնար ձևերով ապացուցում է այդ քայլի արդարացիությունը, մեր աղբյուրի փոխանցմամբ, շատերը դրանով ընդդիմադիր միակ ուժի համբավը վարկաբեկված են համարում: Ավելին, բաց է մնում հարցը` կոնգրեսի ակտիվությունը սահմանափակվելու է միայն խորհրդարանո՞վ, այն էլ 7 պատգամավորո՞վ, թե՞ արտախորհրդարանական գործունեություն կծավալվի:
Խնդիրն այն է, որ առջևում նախագահական ընտրություններն են, ու կոնգրեսը մտադիր է մինչ այդ ակտիվության տեմպը չթուլացնել, այլապես կփոշիանա այն ռեսուրսը, որը դեռ առկա է: Այդուհանդերձ, ինչպես մեզ փոխանցեցին ներսի աղբյուրները, Տեր-Պետրոսյանն իր գերնպատակը կատարված է համարում և կամաց-կամաց հին կենսակերպին է վերադառնալու: Իհարկե, իրավահաջորդ «կարգելուց» հետո: Իսկ սա, մեր տեղեկություններով, մինչ նախագահական ընտրություններ Տեր-Պետրոսյանի հիմնական առաջնահերթությունն է լինելու:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ