Նախընտրական շրջանում բլոգերների հետ հայտնի հանդիպման ընթացքում նախկին արտգործնախարար, նորաթուխ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը ևս մեկ անգամ հիշեցրել է արցախյան հարցում իր պարտվողական քաղաքականության մասին։ Բլոգերներին նա անկեղծորեն խոստովանել է, որ, իր կարծիքով, հայ-ադրբեջանական բանակցությունների պատմության ընթացքում ամենահաջողված և ամենամեծ ձեռքբերումը մադրիդյան փաստաթուղթն է։ Զարմացած բլոգերների այն հարցին, թե մադրիդյան սկզբունքները ենթադրում են ազատագրված տարածքների վերադարձ, նախկին արտգործնախարարը պատասխանել է այո՛. և՛ տարիներ առաջ, և՛ այսօր ինքը կարծում է, որ այդ տարածքները պետք է վերադարձվեն։ Օսկանյանը բացեց նաև հետևյալ գաղտնիքը. երբ ադրբեջանական կողմը 2007 թվականին հասկացավ, որ հայերը համաձայն են տարածքները հետ տալուն, համաձայնեց փաստաթղթում տարածքների վերադարձի հետ նույն հարթության վրա դնել ազգերի ինքնորոշման խնդիրը։ Մի խոսքով, ոչինչ չի փոխվել. Օսկանյանը ոնց պարտվողական եղել, այդպես էլ մնում է։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ