Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Հարսնաքարի» սպանության հետևանքներն անկանխատեսելի են

«Հարսնաքարի» սպանության հետևանքներն անկանխատեսելի են
01.07.2013 | 19:42

Շաբաթ երեկոյան, Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանի մոտ անցյալ տարի սպանված Վահե Ավետյանի հիշատակին քաղաքացիական ակտիվիստների կազմակերպած մոմավառության ժամանակ տեղադրվել է հուշաքար, որը հետագայում անհետացել է: Ակտիվիստները համարում են, որ այն գողացել է ոստիկանությունը: Ոստիկանությունը այդ մասին լռում է:
Պարզ է, որ նույն ակտիվիստները չէին կարող հանել իրենց իսկ տեղադրած հուշաքարը: Եվ ուրեմն ենթադրվում է, որ այն հանել են կա´մ Նեմեց Ռուբոյի աշխատակիցները, կա´մ հենց ոստիկանները: Ըստ երևույթին, Հայրապետյանը անհանգստանում է իր օբյեկտի համար, գուցե մտածում է, որ դրանով վնասում է իր բիզնեսը, գուցե կարծում է, որ Վահե Ավետյանին նվիրված հուշաքարը կարող է ստվեր գցել իր ռեստորանի հեղինակության վրա: Նախ հարց է, թե իր ռեստորանի անվան մասին Հայրապետյանի պատկերացումները որքանով են համապատասխանում հասարակության հարսնաքարյան ընկալումներին, բայց նաև լուրջ առիթ է Նեմեց Ռուբոյի համար վերագնահատելու իր ըմբռնումները ընդհանրապես ուժի գործադրման ձևի-տեղի-առիթի, սպասարկման ոլորտի ծառայությունների և մարդու` որպես անհերքելի և միանշանակ արժեքի վերաբերյալ: Ռուբեն Հայրապետյանը մինչև հիմա որևէ հոդաբաշխ խոսք չի ասել, որից զգացվեր յուր ափսոսանքն ընդհանրապես մարդկային կորստի, տեղի ունեցած վանդալիզմի հետևանքների ու դրանով իսկ հասարակությանը բարոյական վնասներ հասցնելու հետ կապված: Հայրապետյանը, հավանաբար, չի էլ մտածել, որ հուշաքարի առկայությունը գուցե որոշ խմբագրումների առիթ դառնար իր ռեստորանում իր իսկ կողմից հաստատված աշխատաոճի և ընդհանրապես իր կերպարի շուրջ հասարակության մեջ ձևավորված կարծիքի համար:
Հայաստանում առհասարակ ցանկացած փող ունեցող մեկը իրեն իրավունք է վերապահում իր և հասարակության հետ փոխհարաբերություններում իր կարգը սահմանելու` չմտածելով անգամ, թե դա ուր կարող է հասցնել ոչ միայն հասարակությանը, այլև հենց իրեն: Անհատը և հասարակությունը անընդհատ փոխազդեցության մեջ են, ու ցանկացած հարված բումերանգի էֆեկտով, ի վերջո, հետ է գալիս: Նեմեց Ռուբոյի և նրա նմանների համար բումերանգը կարող է անկանխատեսելի լինել: Իսկ հասարակության հոգեվիճակը հաճախ արդեն մոտենում է անկանխատեսելիության մակարդակին. «Հարսնաքարում», այնուամենայնիվ, մարդ է սպանվել:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ