Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Քեզ մաս ես զգում հայկականությանը՝ ժամանակից ու վայրից անդին

Քեզ մաս ես զգում հայկականությանը՝ ժամանակից ու վայրից անդին
05.05.2025 | 21:19

Ներկա եղա մեր 7 եղբայրների «Ընծայման կարգին» ու քահանայական ձեռնադրության ու օծման կարգին (ցավոք՝ ոչ ամբողջապես)։

Ասեմ ձեզ՝ ՇԱՏ գեղեցիկ ծիսակարգ է - Մայր Տաճարում կանգնած՝ քեզ մաս ես զգում հայկականությանը՝ ժամանակից ու վայրից անդին։

Պատկերացնում ես, որ ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղ նույն գեղեցիկ գրաբարյան խոսքով, նույն խորհրդավոր ձևով քահանայության են կոչվել Վազգեն Վեհափառը, Կոմիտաս վարդապետը, Խրիմյան Հայրիկը, Ներսես Աշտարակեցին, Մխիթար Գոշը, Սբ.Ներսես Շնորհալին, ու միայն այդ մտքից գլուխդ պտտվում է, ու միայն այդ մտքից քեզ գոտեպնդված ու զորացած ես զգում։

Ի դեպ, հետաքրքիր զուգադիպություն եղավ։ Երեկ՝ «Ընծայման կարգից» հետո, ընկերներիս մոտ «բարձրաձայն մտածելով» ասացի, որ կուզեի՝ տղաներից մեկին տրվեր Մխիթար անունը (պարտադիր նոր անուն է տրվում ձեռնադրվող քահանային), և ահա այսօր խորհրդակատար եպիսկոպոսը՝ Տ.Պարթև Սրբազանը, հենց այդպես էլ որոշեց:

Աստված օգնակա՛ն լինի մեր Եկեղեցու նորընծա երեցներին՝ Հայր Մխիթարին, Հայր Վազգենին, Հայր Հովսեփին, Հայր Սեպուհին, Հայր Առենին, Տեր Եղիային, Տեր Մաղաքիային։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 7439

Մեկնաբանություններ