Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ավետիք Իսահակյան․ Էջմիածնի պատմական դերը

Ավետիք Իսահակյան․ Էջմիածնի պատմական դերը
16.12.2025 | 13:15

«301 թվին առաքյալ Գրիգոր Պարթևի քարոզներով հայոց Տրդատ թագավորն ընդունեց և հռչակեց քրիստոնեությունը` իբրև պետական կրոն….

Էջմիածնի պատմական դերը, նրա գոյության իմաստն ու իրավունքը անհամեմատ ավելի հզորացավ և անհրաժեշտ դարձավ հայ ժողովրդի համար այն դժբախտ օրից, երբ մենք 14-րդ դարում կորցրինք մեր պետականությունը:

Այդ ժամանակից հայ եկեղեցին փոխարինեց հայ պետությանը. նա դարձավ և կոչվեց ՀՈԳԵՎՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ:

Եկեղեցու պետը ուներ իր գահը, հրամաններ էր արձակում, կոնդակներ էր ուղարկում, բանադրում էր, պատժում կրոնազանցներին, ազգուրացներին, անբարոյականներին:

Հայ պետության անկումով հայ ժողովուրդը մնաց ամբողջապես իսլամական ժողովուրդների ծովում` ենթարկված ավերածությունների և կոտորոծների…

Միակ ուժը, զորությունը և պաշտպանությունը, որ կար, որին ընդունում էին առավել կամ նվազ չափերով իսլամ պետությունները, դա ԷՋՄԻԱԾԻՆՆ էր, կաթողիկոսությունը:

Նրա ձեռքում էին կենտրոնացած ԱԶԳԱՅԻՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԸ, հոգևոր-մշակութային բովանդակ կյանքը` կրոն, լեզու, բազմաթիվ վանքերը, ուր կային դպրոցներ, ուր մշակվում էր գրականությունը։ Դրանք ազգային գոյության վառարաններն էին, որոնք, թշնամու աչքից վրիպած, մշտապես կայծում էին ժողովրդի ազատության բաղձանքները, լուսավոր ապագայի հավատն ու հույսերը:

Այս հզոր ազդակները դարերի իրենց ներուժ գործով պաշտպանեցին հայ ժողովրդին մահմեդական դառնալուց, փրկեցին ձուլվելուց, իբրև ինքնուրույն ազգություն` իսպառ ոչնչանալուց:

Հայ պետականության ժամանակ կաթողիկոսն ընտրվում էր հայ թագավորների, նախարարների, հոգևորականների կողմից: Նրանից հետո կաթողիկոսն ընտրվում էր հայ ժողովրդի և հոգևորականների կողմից, որով նա կոչվում էր «ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ»` բոլոր հայերի կողմից ընտրված: Այս իմաստով հայ եկեղեցին ԴԵՄՈԿՐԱՏԻԿ և ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ եկեղեցու բնույթ ստացավ: Նրան հնազանդվում էր հայրենիքի և պատմության բերումով ամբողջ երկրագնդի վրա ցրված հայությունը իր մշակութային, հոգևոր, ազգային ներքին բոլոր խնդիրներում:

Ժողովուրդը նեղ օրերում դիմում էր եկեղեցու պետին, ապավինում էր նրան` իշխողների հալածանքներից և հարստահարություններից պաշտպանվելու համար:

Կաթողիկոսները մեծ հարգ ունեին իշխողների մոտ. հաճախ խորհրդատու էին նրանց:

ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ ՎԱՐՈՒՄ ՆԱ:

ՊԱՐՍԿԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՁԳՏՈՒՄ ԷԻՆ ԻՐԵՆՑ ԳՐԱՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄԵՋ ՈՒՆԵՆԱԼ ԷՋՄԻԱԾԻՆԸ` ԱՎԵԼԻ ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ:

Եվ առհասարակ կաթողիկոսությունը միշտ էլ նպաստել է հայ ազատագրական շարժումներին թե՛ միջին դարերում, թե՛ նոր դարերում, օրինակ` 18-րդ դարում Սյունյաց Դավիթ Բեկի ապստամբության և ազատության պայքարին` պարսիկ պետության դեմ:

Այնքան քաղաքական կշիռ ուներ Էջմիածինը, որ ռուս-պարսկական առաջին պատերազմին` 1804 թվին, կռվող կողմերը չեզոք գոտի ճանաչեցին Էջմիածնի տաճարը և նրա շուրջը:

Օտար, դաժան պետությունների քմահաճույքներին ենթարկված հայ ժողովրդի համար Էջմիածինը` եկեղեցիների մայրը, հայրապետական Աթոռը, միակ ազգային հարստությունն էր:

ՆԱ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽԱՐԻՍԽՆ ԷՐ, ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԻՄՎՈԼԸ. կրոն և ազգություն հոմանիշներ էին դարձել:

Ստրկացած ժողովուրդը իր մարդկային իրավունքները, հույսերը, երազանքները մարմնացրել էր նրա մեջ:

Դրա համար էլ հայերը բոլոր սրտով գուրգուրում էին նրան, նախանձախնդիր էին նրա գոյության ու փառքին:

Հայերը Էջմիածնի անունով էին երդվում: 1903 թվին, երբ ցարական կառավարությունը գրավեց եկեղեցու կալվածքները, ժողովուրդը զենքի դիմեց, արյուն թափվեց երկու կողմից, և կառավարությունը ստիպված զիջեց և վերադարձրեց կալվածքները` խաղաղեցնելու համար ըմբոստացած ժողովրդին: ….

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՂՎԱԾ ԿՌԻՎԸ ՀԱՄԱՐԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՌԻՎ:

Առաջին տպարանը հայ հողի վրա` իր թղթե գործարանով միասին, բացվեց Էջմիածնում` 18-րդ դարում: Շատ կրոնական, պատմական, գիտական, քաղաքական գրքեր լույս տեսան այդ տպարանից: Էջմիածինն ունեցավ իր ամսագիրը, հոգևոր դպրոցը և ապագա Գևորգյան ճեմարանը, որոնք մատակարարեցին ժողովրդին ընտիր ուսուցիչներ, եկեղեցականներ, գրողներ և գործիչներ: Օրինակի համար` մեր նոր գրականության հիմնադիրը` Խաչատուր Աբովյանը, այդ հոգևոր դպրոցի ուսումնավարտ էր:

Էջմիածնի նշանավոր գործերից մեկը, որին հավիտյան շնորհակալ պիտի լինենք, այն էր, որ նա հավաքեց և պահեց իր ամուր պատերի մեջ 10 000 հին ձեռագրեր` մագաղաթյա և թղթյա, որոնք տեղափոխված են հիմա Երևան և հայտնի է աշխարհին հայ պետական «Մատենադարան» անունով:

Էջմիածինը` իբրև հոգևոր իշխանություն, թերևս իր կարողացածից ավելի պատվով կատարեց իր ԱԶԳԱՊԱՇՏՊԱՆ ԴԵՐԸ` մինչև Սովետական Հայաստանի ստեղծումը»:

1944 թ.

Ավ. ԻՍԱՀԱԿՅԱՆ. «Էջմիածնի պատմական դերը»,

ԵԼԺ` 14 հատորով, հ. 12, Եր., 2021, էջ 234-240

Նառա ՍԱՐԳՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4657

Մեկնաբանություններ