Ես չգիտեմ՝ Թիֆլիսի «Հորիզոն»-ում տպագրված Ամենայն Հայոց բանաստեղծի այս հոդվածը տեղ գտե՞լ է նրա ժողովածուներում, բայց ամեն դեպքում հետաքրքիր է։
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ
ԱՊԱՇԱՒԱՆՔ
Ներեցէք մեզ, ո՜վ քրդեր, ո՜վ թուրքեր, որ 1878 թւականին գնացինք Բերլին ու գանգատւեցինք ձեր կատարած կողոպուտների, բռնաբարումների, սպանութիւնների, հրդեհների և աւերումների դէմ՝ ձեզ անւանելով բարբարոսներ ու գազաններ, իսկ նրանց մարդասէր դատաւորներ։
Ճիշտ է, էն ժամանակ էլ նրանք արտայայտւեցին, թէ էդ ամենը չարժեն իրենց մի զինւորի փթած ոսկորներ և մենք շատ զարմացանք ու շփոթւեցինք, թէ մի՞թէ կարելի է՝ մարդ էսքան դաժան լինի, բայց դեռ չէինք լսել էն, ինչ որ լսում ենք էսօր, դեռ չէինք տեսել էն, ինչ որ տեսնում ենք էսօր, և մնում էինք միայն ցաւալի տարակուսանքի մէջ։ Սակայն էսօր, երբ էսքան բան է պարզւած աշխարհքի առջև, «մարդասէր» գերմանացու ձեռքով գնդակահար եղած գիւղցիների վերջին գալարումների հետ, դժբախտ Միլիցայի ու իր նմանների վերջին հառաչանքների հետ, աչքերը հանոտած, լեզուները կտրատած մարդկանց կսկիծների ու անէծքների հետ, Լուվենի գրադարանի հրդեհի կարմիր լուսի տակ, Ռայմսի տաճարի աւերման դղրդիւնի մէջ՝ ստիպուած ենք սրտի բեկումով խոստովանելու մեր միամտութիւնը և ձեզանից ներողութիւն խնդրելու էն խտրութեան համար, որ դրել ենք ձեր ու քաղաքակիրթ մարդու մէջ։
Մեր սրտերում Ռայմսի տաճարից շատ աւելի մեծ մի տաճար կար, որի մէջ նա՝ քաղաքակիրթ մարդը, ապրում էր ձեզանից առանձին, նրանք խորտակեցին էն հոյակապ տաճարը և մնացին դուրսը, իրենց ձեռքով արած աւերակների մէջ, ձեզ հետ միասին, ձեզ հետ հաւասար։
Էլ չեն խաբիլ մեզ նրանց մեքենաներն ու ճարտար արւեստները։ Ճիշտ է ասել ժողովուրդը, թէ դրանք բոլորը «սատանի հնարքներ» են, չոր ուղեղի ծնունդներ, և նրա լուսաւորութեան մէջ ոչ Աստւածային շունչն է տիրում, ոչ մարդկային խղճմտանքն է թագաւորում։
Թերևս ազնիւ կը լինէր ներողութիւն խնդրել և գազաններից, որ մարդկային էս բոլոր վայրագութիւններն անւանել են «գազանութիւն», և գուցէ շատ իմաստուն ու տեղին կը լինէր էս ամենի դէմ գնալ գանգատւելու նոյնիսկ էն շներին, որ անընդունակ են էս տեսակ արարքների և ահա նոյն պատերազմի դաշտում էնքան գութ են ցոյց տալիս ու կարեկցութիւն, ինչպէս հաւաստիացնում են եկած տեղեկութիւնները։
1914 թ․
Խաչատուր Դադայանի ֆեյսբուքյան էջ